12 օգոստոսի 2024 - 15:37 AMT
Վրաստանը դեպի ՀՀ նոր մայրուղի է կառուցում. Արժեքը՝ 250 մլն եվրո

Վրաստանի կառավարությունը Մառնեուլիի շրջանում սեփականատերերից օտարում է հողը՝ մինչև Հայաստանի հետ սահման Ռուսթավի-Սադախլո նոր ավտոմայրուղու կառուցման համար, հայտնում է Factor TV-ն՝ Newsgeorgia-ին հղումով։

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի կողմից՝ Արևելք-Արևմուտք միջազգային ճանապարհային ծրագրի վարկային համաձայնագրի շրջանակում: Նոր երթուղին, որն անցնելու է գործող ճանապարհին զուգահեռ, ունենալու է չորս գոտի, իսկ երկարությունը՝ մոտ 30 կմ, ներառյալ՝ 11 կամուրջ և անցում։

Շինարարությունը կարժենա 250 մլն եվրո։ Ըստ աղբյուրի՝ մի քանի հողատեր հրաժարվել է վաճառել իր սեփականությունը կամ չի համաձայնել առաջարկվող գնին, և այժմ հողամասերի օտարումը տեղի է ունենալու հարկադիր կերպով։

Երկրի էկոնոմիկայի նախարարի համապատասխան հրամանում հղում է արվում Վրաստանի Սահմանադրության 19-րդ հոդվածին, ըստ որի գույքի հարկադիր օտարումը թույլատրվում է հանրային հրատապ շահի դեպքում՝ լրիվ և արդարացի փոխհատուցման պայմանով։