21 օգոստոսի 2024 - 12:44 AMT
Պուտինի մեկնելուց հետո Բաքուն BRICS-ին միանալու հայտ է ներկայացրել

Ադրբեջանը պաշտոնապես հայտ է ներկայացրել BRICS-ին միանալու համար: Այդ մասին հայտնել է երկրի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն, տեղեկացնում է Factor.am-ը՝ BBC-ի ռուսական ծառայությանը հղումով:

Բաքուն նման ցանկության մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երկրից հեռանալուց մեկ օր անց։

BRICS-ը միջկառավարական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2006 թվականին։ Այսօր դրա կազմում են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավային Աֆրիկան, Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը և Արաբական Միացյալ Էմիրությունները։

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին անցյալ շաբաթա վերջին ասել է, որ Բաքուն շահագրգռված է BRICS-ին անդամակցելու հարցում։

«BRICS-ին միանալ ցանկացողների երկար շարան կա: Ադրբեջանն իսկապես նման ցանկություն է հայտնել»,- ասել է դեսպանը։

Նա հայտնել է, որ Մոսկվան և Բաքուն երկար ժամանակ քննարկում են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, և BRICS-ին դիմելը պետք է դիտարկել որպես քայլ այս ուղղությամբ։

Բյուլբյուլօղլուի հայտարարություններն ու փաստաթղթերի ներկայացումը համընկել են Պուտինի՝ Բաքու երկօրյա այցի հետ։ Սա Պուտինի առաջին այցն էր Ադրբեջան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի սկսվելուց հետո։

Այցը հակասական արձագանք է առաջացրել բուն Ադրբեջանում և զարմացրել արևմտյան վերլուծաբաններին ու մամուլին։ Շատերին հետաքրքրում է, թե ինչու է ՌԴ նախագահը մեկնել Բաքու և ինչու հենց հիմա:

BRICS-ը ստեղծվել է հինգ երկրների կողմից (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավային Աֆրիկա), իսկ այս տարվա հունվարին դրան պաշտոնապես միացել են Իրանը, ԱՄԷ-ն, Եթովպիան և Եգիպտոսը։