26 օգոստոսի 2024 - 12:48 AMT
Ինչո՞ւ է արգելվում ՀՀ քաղաքացիների մուտքը ԵՄ առանձին երկրներ. ԱԳՆ-ն պարզաբանել է

ԱԳՆ–ն պարզաբանում է տարածել Շենգենյան գոտու երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների համար։ Նշվում է, որ վերջին շրջանում դիմումներ են ստանում, որ ՀՀ-ում գործող եվրոպական երկրների որոշ դեսպանություններ ՀՀ քաղաքացիներին տրամադրում են Շենգենյան վիզաներ, սակայն տվյալ երկիր ժամանելիս նրանց մուտքն արգելվում է, և ստիպված են լինում վերադառնալ Հայաստան։

ԱԳՆ-ն և ՀՀ դեսպանությունները, հանդիպելով և լսելով նման խնդրի բախված քաղաքացիներին և ճշտելով իրադարձությունների մանրամասները, ինչպես նաև խնդիրը քննարկելով համապատասխան երկրների իրավասու մարմինների հետ՝ պարզել են որոշ հանգամանքներ:

Քաղաքացիների մուտքն առանձին երկրներ արգելվում է այն պատճառով, որ Շենգենյան վիզա ստանալու ժամանակ՝ դիմում-հարցաթերթիկում և հարակից փաստաթղթերով ներկայացվում է բացառապես տվյալ երկիր մեկնելու նպատակ, սակայն հետագայում՝ վիզան ստանալուց հետո, այցելության նպատակը (ուղղությունը, ծրագիրը) կամ հյուրանոցի ամրագրումը փոփոխվում կամ չեղարկվում է։

«Պայմանական օրինակ. Շենգենյան վիզա ստանալու դիմում-հարցաթերթիկում նշվել է 10 օրով Բուլղարիա մեկնելու նպատակ՝ ներկայացնելով ինքնաթիռի տոմսի և հյուրանոցի ամրագրում, սակայն հետագայում պարզվել է, որ տվյալ անձը պատրաստվում է Բուլղարիայում գտնվել 3 օր, ապա 7 օրով մեկնել Իտալիա կամ Շենգենյան գոտու այլ երկիր։

Այցելության նպատակի նմանատիպ փոփոխությունը հիմք է տալիս տվյալ երկրի իրավասու մարմիններին արգելել մուտքը, քանի որ դա գնահատվում է որպես այցելության հայտարարված և իրական նպատակի կամ պայմանների անհամապատասխանություն։

Հարկ է նշել, որ Շենգենյան վիզայի առկայությունն անվերապահ իրավունք չի տալիս օտարերկրացուն մուտք գործել Շենգենյան գոտի»,–ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ անձնագրային հսկողության ժամանակ կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր, որոնք հիմնավորում են այցի նպատակը, ինչպես նաև կարող են ստուգվել բավարար ֆինանսական միջոցների առկայությունը, հյուրանոցի ամրագրման վճարված և ուժի մեջ լինելու հանգամանքը, դուրս գրված (վճարված) հետ վերադարձի ինքնաթիռի տոմսի, այլ երկրներ ճամփորդելու վերաբերյալ հնարավոր տեղեկությունների առկայությունը և այլն։

Ստուգողական նման գործողություններն առավելապես բնորոշ են այն երկրներին, որտեղ միգրացիոն ռիսկերը գնահատվում են բարձր։

«Հետևաբար․

  • Կարևոր է հիշել, որ վիզա ստանալու համար անհրաժեշտ է դիմել Շենգենյան գոտու այն երկրի դեսպանությանը, որտեղ նախատեսվում է այցելությունը, իսկ մի քանի երկրներ այցելելու դեպքում՝ հիմնական (առավել երկար ժամկետով) այցելության երկրի դեսպանությանը։
  • Անհրաժեշտ է հաշվի առնել, որ Շենգենյան վիզա ստանալուց հետո՝ այցելության նպատակի, երկրի, ժամկետների և այլ պայմանների ցանկացած անհամապատասխանություն կամ հետագա չհիմնավորված փոփոխություն կարող է հանգեցնել Ձեր մուտքը տվյալ երկիր արգելելուն և տրված վիզան չեղարկելուն՝ ինչպես սահմանին, այնպես էլ նախքան մեկնումը։
  • Օտարերկրյա պետություններ մեկնող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք նախապես ուսումնասիրել տվյալ պետության միգրացիոն կանոնները, հստակ գնահատել դրանք խախտելու ռիսկերը և հնարավոր բացասական հետևանքները։
  • Հավաստի տեղեկատվություն ստանալու համար խորհուրդ ենք տալիս օգտվել միայն տվյալ երկրի պաշտոնական այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են արտաքին գերատեսչության, դեսպանությունների, միգրացիոն ծառայության կայքերը և այլ պաշտոնական հարթակները»,–ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։