ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ԱԳՆ-ում Լյուքսեմբուրգի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ադրբեջանին փոխանցված խաղաղության պայմանագրի նախագծի 10-րդ խմբագրությունը ամբողջապես համաձայնեցված տեքստ է։
«Խաղաղության համաձայնագրի այն տեքստը, որն առաջարկել ենք, ամբողջապես համաձայնեցված տեքստ է։ Ըստ էության, ստացվում է տեխնիկապես, որ ամբողջ տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է»,–ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։
ԱԳ նախարարն ասել է, որ այս պահին տեխնիկապես կա 16 հոդված, որոնցից 13-ն ամբողջապես համաձայնեցված են, 3-ը՝ մասնակի համաձայնեցված։
«Այլևս անհամաձայնություն չունենք, այլ բան է, որ երբեմն ադրբեջանական կողմն այլ նախապայմաններ է փորձում ներառել ընդհանուր բանակցային գործընթացում։ Մեր մոտեցումն այն է, որ մենք օր առաջ կարող ենք արդեն համաձայնեցված տեքստը ստորագրել»,-ասել է Միրզոյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ Երևանը Բաքվին առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածները։ Նա նշել է, որ առաջարկն ադրբեջանական կողմին է ուղարկվել օգոստոսի 30–ին, և, թերևս, այնտեղ դեռ չեն հասցրել ծանոթանալ դրան։ Նա հավելել է, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։
Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ՀՀ ԱԳՆ–ն, արձագանքելով նրա ելույթին, հայտարարել է, որ ՀՀ սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018–ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում է որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին: Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ «առաջիկա 1 ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»։