11 սեպտեմբերի 2024 - 12:02 AMT
ԱՄՆ սենատոր. Պետք է ներգրավվենք, որ Հայաստանը կարողանա պաշտպանել իրեն

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինն ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի կազմակերպած լսումների ժամանակ, անդրադառնալով Հայաստանի բարդ հարևաններին և իրավիճակին, ասել է, որ ԱՄՆ–ն պետք է ներգրավվի, որ ՀՀ-ն կարողանա պաշտպանել իրեն, ինքնուրույն որոշումներ կայացնել։

Լսումները նվիրված էին Հայաստանի ժողովրդավարությանն ու արևմտյան ապագային աջակցմանը, հայտնում է Factor.am-ը։

Նա նշել է, որ ՀՀ այցելելուց հետո բոլորը տպավորվել են, թե որքան է այդ երկիրը փոխվել կարճ ժամանակում՝ պայքարում է տարածաշրջանում մարտահրավերների դեմ, և ԱՄՆ-ը կարող է ավելի մեծ դերակատարում ունենալ՝ ոչ միայն օգնելու Հայաստանին կառուցելու ժողովրդավար երկիր, այլև սերտ հարաբերություններ հաստատել Արևմուտքի հետ։

«Հայաստանը երկիր է, որն ուզում է որոշել իր ապագան։ Եվ դա դժվար է, քանի որ կան արտաքին գործոններ, որոնք դժվարացնում են դա անել։ Կարևոր է, որ մենք հասկանանք ոչ միայն անմիջական սպառնալիքները, այլև ավելի լայն աշխարհագրությունը, այն դերը, որն ԱՄՆ-ը կարող է ունենալ՝ ապահովելու անկախ, ժողովրդավար, բարգավաճ ապագա հայերի և տարածաշրջանի համար»,- ասել է նա։

Անդրադառնալով Ադրբեջանից եկող ուղիղ սպառնալիքների մասին՝ սենատորն ընդգծել է․ «Ադրբեջան վերջերս եկել ու վերցրել է Լեռնային Ղարաբաղը, էթնիկ զտում իրականացրել։ Նրանք ոչ միայն տեղահանել են մի ամբողջ էթնիկ խմբի, այլև վտանգի տակ են դրել տարածաշրջանի մշակութային ժառանգությունը»։

Ըստ Քարդինի՝ Ադրբեջանը հիմնվում է Ռուսաստանի վրա անվտանգության առումով, իսկ ՌԴ-ը ասում է՝ «գնա և ամբողջը վերցրու»։ Սենատորը նշել է, որ Ռուսաստանը դեռևս ներկայություն ունի Հայաստանում և տեղյակ է, որ այստեղ փորձում են ազատվել ռուսական որոշ ներկայությունից։

Ամերիկացի սենատորը նաև ասել է, որ Հայաստանը բարդ հարևաններ ունի։

«Ռուսաստանը, որը հուսալի չէ Հայաստանի համար, Ադրբեջանը, որի ցանկության մասին խոսել ենք՝ ոչ միայն էթնիկ զտման է ենթարկել Լեռնային Ղարաբաղը, այլև վերցրել է Հայաստանի ինքնիշխան տարածքը։ Մենք ունենք Իրանը, որը ևս հուսալի չէ, ինչպես նաև Թուրքիան։ Բոլորս հուսով ենք, որ Հայաստանն ու Թուրքիան կկարգավորեն հարաբերությունները, սահմանները հիմա փակ են։ Մենք պետք է ներգրավվենք, որ Հայաստանը կարողանա պաշտպանել իրեն, ինքնուրույն որոշումներ կայացնեն, Ռուսաստանին դուրս հանել երկրից։ Դա նաև նշանակում է հարաբերությունների կարգավորում Հայաստանի ու Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև»,- հայտարարել է Բեն Քարդինը։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։