11 սեպտեմբերի 2024 - 18:28 AMT
Հունգարիան ամառային ճամբարում կընդունի Արցախից տեղահանված 1000 երեխայի

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հանդիպմանը կողմերը քննարկել են ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց աջակցության միջոցառումները, իրականացված ու ընթացիկ ծրագրերը։

Նշվել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մոտ 1000 երեխա կկարողանա մեկնել Հունգարիա՝ մասնակցելու ամառային ճամբարի:

Նշվել է նաև, որ օգոստոսին ծրագրի շրջանակում ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներից մոտ 120–ն արդեն մեկնել են Հունգարիա:

Նախարարներն ընդգծել են, որ նման նախաձեռնությունները ոչ միայն նոր փորձառություն ու լավ ժամանց են հաղորդում երեխաներին, այլև էապես նպաստում նրանց հուզական և հոգեբանական ապաքինմանը: Նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, մասնավորապես՝ աշխատանքի և զբաղվածության ապահովման գործընթացներին, ոլորտային ռազմավարություններին, խոցելի խմբերին մատուցվող ծառայություններին, սոցիալական արդարության ապահովման կարևորությանը։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։