ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ–ն կոչ է անում որքան հնարավոր է շուտ վերսկսել ՀՀ և Ադրբեջանի հետ եռակողմ խմբի աշխատանքը՝ ամբողջ տարածաշրջանի սոցիալ–տնտեսական զարգացման համար։
«Մեր հետևողական դիրքորոշումն այն է, որ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը վաղուց կարելի էր լուծել եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում՝ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկի, Շահին Մուստաֆաևի և Մհեր Գրիգորյանի համանախագահությամբ։
Եռակողմ աշխատանքային խմբի կազմում լիարժեք փոխգործակցության շուտափույթ վերականգնումը ոչ միայն կնպաստի Հարավային Կովկասի տրանսպորտային և հաղորդակցությունների համակարգի վերականգնմանը, այլ ուղղակի կապահովի ամբողջ տարածաշրջանի հետագա սոցիալ–տնտեսական զարգացումը»,–ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Սանկտ Պետերբուրգում Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ իր երկիրը հավատարիմ է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին։
Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Նասեր Քանանին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իրանը ողջունում է Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության շրջանակներում և դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության։ Վերջին օրերին նմանատիպ հայտարարություններ են արել Իրանի բազմաթիվ պաշտոնյաներ, նաև ՀՀ–ում Իրանի դեսպանը։