ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11–ին ԱԺ–ում, անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի՝ Ադրբեջանի հետ հնարավոր խաղաղության պայմանագրի երաշխավորի վերաբերյալ հարցին, ասել է, որ Հայաստանն իր հարցերը ինքը պետք է լուծի՝ «անվտանգության երաշխավորը կամ մենք ենք, կամ չկա»:
Երաշխավորի ինստիտուտի մասին խոսելով՝ վարչապետն ասել է, որ աշխարհում իր իմացությամբ՝ դրանից ավելի ֆեյք թեմա չկա։
«Աշխարհի՝ իմ այսօրվա իմացությամբ ասում եմ, որ դրանից ավելի ֆեյք թեմա չկա: Մեր անվտանգության երաշխավորը կամ մենք ենք, կամ չկա երաշխավոր: Բոլոր նրանց համար, ում անունը մենք ուզում ենք դնել անվտանգության երաշխավոր, մենք մանրադրամ ենք: Մեր հարցերը մենք պետք է լուծենք»,–ասել է նա, հայտնում է Արմենպրեսը։
Նա հարց է բարձրացրել՝ իր պատմության մեջ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռ ունեցած ժողովուրդը հղում կանի՞ երաշխավորին ու միջազգային մեխանիզմներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ Երևանը Բաքվին առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածները։ Նա նշել է, որ առաջարկն ադրբեջանական կողմին է ուղարկվել օգոստոսի 30–ին, և, թերևս, այնտեղ դեռ չեն հասցրել ծանոթանալ դրան։ Նա հավելել է, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։
Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ՀՀ ԱԳՆ–ն, արձագանքելով նրա ելույթին, հայտարարել է, որ ՀՀ սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018–ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում է որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին: Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ «առաջիկա 1 ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»։