Երևանում մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համաժողովի բացման արարողությանը ունեցած ելույթում նշել է, որ 2018-ի հեղափոխությունից հետո ՀՀ Ազգային ժողովում մեծամասնություն են կազմում երիտասարդ պատգամավորները։
«Երևանում համաժողովի անցկացման գաղափարը ծագեց երեք տարի առաջ՝ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Մի քանի տարի առաջ Մարտին Չունգոնգը սկիզբ դրեց «Ես ասում եմ, այո՛, խորհրդարաններում երիտասարդների մասնակցությանը» (I say yes to youth in parliaments) նախաձեռնությանը, որին միացել են անդամ երկրների խորհրդարանների նախագահներ ու պատգամավորներ, այդ թվում՝ ես: Հպարտությամբ եմ նշում այն հանգամանքը, որ 2018 թվականի թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից հետո այսօր Հայաստանի Ազգային ժողովում մեծամասնություն են կազմում երիտասարդ պատգամավորները:
Ավելին, ըստ Միջխորհրդարանական միության անցկացրած ուսումնասիրության արդյունքների՝ ՀՀ Ազգային ժողովը երիտասարդ պատգամավորների թվաքանակով զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Այս հանգամանքը ևս կարեւոր դեր ունեցավ համաժողովը Երեւանում անցկացնելու մեր որոշման հարցում»,–ասել է նա։
Աժ նախագահը նշել է, որ ներկայիս համաժողովում քննարկվելիք թեման և ենթաթեմաները վերաբերում են երիտասարդների կրթությանն ու զբաղվածությանը. հարցեր, որոնք երբեք չեն կորցնում իրենց արդիականությունը:
«Դուք՝ երիտասարդներդ, պետք է պատրաստ լինեք ստանձնելու առաջնորդությունը եւ ակտիվ մասնակցություն ունենաք ձեր երկրների զարգացման մեջ: Ձեր գիտելիքներն ու հմտությունները պետք է դառնան ձեր ամենահզոր գործիքները՝ դժվարությունները հաղթահարելու համար: Մեր պարտքն է՝ աջակցել ձեզ բոլոր հնարավոր միջոցներով:
Դուք ունեք մեծ ներուժ փոխելու աշխարհը, քանի որ առավել ճկուն եւ համարձակ եք, քան նախորդ սերունդները: Պատմությունը ցույց է տվել, որ բնական մրցակցությունը նպաստում է առաջընթացին, եւ դուք ունեք բոլոր հնարավորությունները դառնալու առաջնորդներ»,–ասել է Սիմոնյանը։