12 սեպտեմբերի 2024 - 13:08 AMT
Եվրահանձնաժողովի փոխնախագահը հուսով է` ՀՀ քաղաքացիները շուտով կկարողանան առանց վիզայի մեկնել ԵՄ

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը հույս է հայտնել, որ գործընթացը շուտով կհանգեցնի նրան, որ բոլոր հայերն առանց արտոնագրի անհրաժեշտության կարճատև այցերի համար կկարողանան ազատ ճանապարհորդել դեպի Եվրոպա, հայտնում է Արմենպրեսը։

Սխինասը Հայաստան էր այցելել սեպտեմբերի 9-ին՝ Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը տալու համար։

Նա Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մեկնարկը կարևոր ուղենիշ է համարում կողմերի միջև հարաբերություններում, սակայն դա ոչ թե ինչ-որ մեկուսացած նախաձեռնություն է, այլ ավելի լայն նախաձեռնությունների մաս է՝ ուղղված երկրի տնտեսության մեջ ներդրումներ կատարելուն, տնտեսական դիմակայունությանը, անվտանգության ու խաղաղության պահպանմանը:

«Ինչո՞ւ ենք հիմա գտնվում այս գործընթացում, քանի որ անցյալ տարի հուլիսին մեր անդամ երկրները Եվրոպական հանձնաժողովին լիազորել են սկսել այս գործընթացը: Գործընթացը դյուրին չէր, տեղի չունեցավ ինքնաբերաբար, բայց ի վերջո կայացավ: Այսպիսով, այժմ ունենք կանաչ լույս: Մենք հիմա մտնում ենք այս գործընթացի իրականացման փուլ, որը պետք է լուծի այնպիսի կոնկրետ խնդիրներ, ինչպիսիք են ճամփորդական փաստաթղթերի անվտանգությունը, կոռուպցիայի խնդիրները, կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, օրենքի գերակայությունը: Մենք պետք է համոզվենք, որ առանց մուտքի արտոնագրի ճանապարհորդության շուրջ ամեն ինչ ապահով և անվտանգ է: Այսպիսով, մենք այժմ կներգրավվենք տեխնիկական մակարդակով այս հարցերը կարգավորելու գործում, և այս գործընթացի ավարտին մենք կվերադառնանք մեր անդամ երկրներին՝ հասնելու վերջնական համաձայնագրին: Դա ճանապարհի վերջը չէ, բայց երբեք ճանապարհի վերջ չի լինի, քանի դեռ մենք չունենք սկիզբը»,–ասել է նա։

Սեպտեմբերի 9–ին Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասը և Մհեր Գրիգորյանը, ազդարարելով ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը, հանդես են եկել հայտարարություններով։

Սխինասն իր խոսքում ասել է, որ հնարավորինս շուտ ավարտին հասցնելով այս գործընթացը հայ ժողովրդին կօգնեն տեսնել, որ ճանապարհը դեպի Եվրոպական միություն զուտ նկրտում չէ, այլ մի բան է, որ իրենք արդեն կարող են զգալ, և որից իրենք արդեն կարող են օգուտ քաղել: