«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը պահանջում է, որ ՀՀ իշխանությունը դիվանագիտական օրակարգում ներառի ավելի քան 30 տարի առաջ Ադրբեջանի ԽՍՀ-ից բռնի տեղահանված 1.2 մլն հայերի անվտանգ վերադարձն Ադրբեջան իրենց բնակավայրեր։ Շարժումն այսօր ակցիա է իրականացրել ՀՀ կառավարության շենքի մոտ պահանջագիր ներկայացնելով ՀՀ իշխանությանը։
«Մենք նաև պահանջում ենք, որ հայ գերիները վերադարձվեն մինչև COP 29-ը։ ՀՀ կառավարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում այս ուղղությամբ, և «Միասին» շարժումն այս հարցը բարձրացնում է, քանի որ իշխանությունը պատկանում է ժողովրդին »,–լրագրողներին ասել է շարժման համակարգող խորհրդի անդամ Նարինե Դիլբարյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Նա ընդգծել է, որ կառավարությունները գալիս ու գնում են, բայց միջազգային օրակարգերն ամուր մնում են։ Դիլբարյանը հիշեցրել է, որ Ադրբեջանը կեղծ միջազգային օրակարգ է բերել ադրբեջանցի 300,000 փախստականների վերադարձի հարցը։
«Ալիևն անընդհատ խոսում է դրա մասին, և եթե Փաշինյանը չի խոսում, դա դեռ չի նշանակում, որ այդ խնդիրը և մեր պահանջատիրությունը վերացած է»,–ասել է նա։
Դիլբարյանը շեշտել է` այժմ շատ կարևոր է, որ ՀՀ վարչապետը մասնակցի COP 29-ին ու այս բոլոր հարցերը բարձրացնի այդ միջոցառման ժամանակ։
Պահանջագրի մեջ ընդգծվում է տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունները, տեղի տալով ադրբեջանական խեղաթյուրումներին, թե՛ պաշտոնական տեղեկատվությամբ, թե՛ հրապարակային ելույթներում հնչեցրել են Ադրբեջանից արտաքսված հայերի ոչ հավաստի թիվ 600-700 հազար, ըստ ամենայնի հիմք ընդունելով միայն Հայաստան տեղափոխված ու այստեղ որպես փախստական գրանցված հայերի թվաքանակը:
Հիշեցվում է համացանցում առկա Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի ելույթը, որտեղ նա փաստում է, որ միայն Բաքվում 1988թ. դրությամբ ապրում էին 500 հազար հայեր: Հայերն իրենց բնօրրանում ապրել են ամենուրեք Արցախում 96%, Նախիջևանում (60% և ավելի) Գանձակ- Կիրովաբադում 50%, Շահումյանի, Քարհատի (Դաշքեսանի), Խանլարի, Շամխորի շրջաններում 70-95%, Մինգեչաուրում, Եվյախում, Գերանբոյում, Շեմախայում, Շեքիում, Ղազախում, Թովուզում, Բարդայում, Զակատալայում, Սումգայիթում:
«Միասին» շարժման խորհուրդը վստահ է, որ հայ ժողովրդի օրինական իրավունքների ոտնահարման պայմաններում տարածաշրջանում չի կարող իրական խաղաղություն հաստատվել:
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում նոյեմբերին կայանալիք COP 29 կլիմայական գագաթնաժողովին։ Այդ մասին հայտարարել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նա նաև տեղեկացրել էր, որ նամակ է հղել Հայաստանի արտաքին գործերի նախարարին։
Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Երևանը Բաքվին առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածները։ Նա հավելել է, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանի ԱԳՆ–ն դեմ է արտահայտվել խաղաղության պայմանագիրն արդեն համաձայնեցված դրույթներով ստորագրելու, չհամաձայնեցված հարցերի շուրջ քննարկումներն էլ շարունակելու՝ Հայաստանի առաջարկին։