Հայաստանի որոշ համայնքներում խաղողի մթերումը սկսվել է մոտ երկու շաբաթ առաջ, և Էկոնոմիկայի նախարարությունը դեռևս գյուղացիներից բողոքներ չի ստացել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է նախարար Գևորգ Պապոյանը։
Նա վստահեցրել է, որ խաղողի մթերման գները նախորդ տարվա համեմատ բավականին բարձր են, հայտնում է Sputnik Արմենիան։
«Որոշ ընկերություններ այս պահին արդեն 140-150 դրամով են մթերում, ինչը համարվում է բավականին բարձր գին։ Նվազագույն գնով այս պահին մթերվող խաղողը նախորդ տարվա առավելագույն գնին է համապատասխանում։ Մենք տեսնում ենք, որ գները բարձրանալու տենդենց ունեն»,– ասել է Գևորգ Պապոյանը։
Նա հավելել է, որ գները բարձրանում են նույնիսկ այն դեպքում, երբ ամեն տարի Հայաստանում խաղողի բազմաթիվ ինտենտիվ ու ոչ ինտենսիվ այգիներ են հիմնվում։ Նախարարը միաժամանակ ընդգծել է, որ գյուղացիներին վճարումների ուշացման հետ կապված խնդիրներ չպետք է առաջանան։
«ՀՀ կառավարության առաջարկությամբ ԱԺ-ն օրենք է ընդունել, որով բոլոր մթերողները պարտավորվել են 1 ամսվա ընթացքում վճարել գյուղացիներին, մինչդեռ նախկինում վճարում էին 6 ամսվա կամ 1 տարվա ընթացքում»,- եզրափակել է նա:
Նախարարը հավելել է, որ անձամբ էլ մեկնելու է մարզեր՝ հետևելու խաղողի մթերման գործընթացին և լինելու է մի քանի գործարաններում:
Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ 2022 թվականին գործարանները մթերել են խաղողի գրեթե ամբողջ բերքը։ Այն գնվել է կիլոգրամը միջինը 120 դրամով, քանի որ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքն աճել է։ Ֆերմերները դժգոհ էին այդ գնից և պարբերաբար բողոքի ակցիաներ էին իրականացնում։ 2023 թվականին ալկոհոլային խմիչքների արտահանման դժվարությունների և դրամի արժևորման պատճառով հարցականի տակ էր հայտնվել խաղողի մթերումը։ Սահմանվեց խաղողի մթերման նվազագույն գին՝ մեկ կգ -ը 110 դրամից ոչ պակաս, իսկ բիզնեսը ստացավ վարկային երաշխիքներ և տոկոսների սուբսիդիաներ: Բացի այդ, կառավարությունն ուղղակիորեն սուբսիդավորում էր խաղողի մթերումը։