12 սեպտեմբերի 2024 - 14:59 AMT
Վարչապետ․ 44-օրյայից հետո զենքի մեծ քանակ է անհետացել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով խոսակցություններին, որ վերջին շրջանում հանցագործությունների թիվն ավելացել է, ասել է, որ Հայաստանում հանցավոր վակխանալիայի մասին լուրերը չափազանցված են։ Այդ հարցում նա հիմնվել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ու Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի ներկայացրած զեկույցների վրա։

Վարչապետը նշել է, որ Ազգային ժողովի հետ հարցուպատասխանի ժամանակ թե իշխող, թե ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները խոսել են հանցավորությունների թվի աճի մասին։

«Ընդդիմությունն ասում ա՝ հանցավորությունը երկիրն ուտում ա»,–ասել է նա։

Միևնույն ժամանակ, վարչապետը նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո անհետացել է զենքի մեծ քանակ։

«Մի քանի անգամ այդ թեման քննարկել ենք, նաև Անվտանգության խորհրդում։ Ես ներքին գործերի նախարարին այդ թեմայով տվել եմ հանձնարարականներ, որ մենք ապօրինի զենք-զինամթերքի փնտրտուքի հետ կապված մեր մեթոդաբանությունները պետք է վերանայենք, որովհետև այն մեթոդաբանությունները, որոով աշխատել ենք, չեն համապատասխանում նոր մարտահրավերներին»,–ասել է նա։

Փաշինյանը նշել է նաև, որ երկրում շատացել է օրինական զենքի քանակը։

«Սա նույնպես հարց է, որը պետք է քննարկել։ Ճիշտ կլինի, որ մենք մի հարմար առիթով տեսնենք, թե զենքի կիրառմամբ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններից քանի տոկոսն է իրականացվել օրինական զենքով և քանի տոկոսը՝ անօրինական։ Ընտրությունը հետևյալն է՝ արդյոք մենք մեր հայեցակարգային պատկերացնումներում ուզո՞ւմ ենք ապօրինի զենքով հարձակման ենթարկվող մարդկանց վերապահել օրինական զենքով պաշտպանվելու հնարավորություն, թե՞ չենք ուզում վերապահել»,–ասել է վարչապետը։

2024 թվականի 1–ին կիսամյակի տվյալներով` կա 18,818 հանցավորության դեպք, սա այն դեպքում, երբ 2023 թվականի նույն ժամանակահատվածում եղել է 19,891 դեպք, սակայն, 17.8 տոկոսով աճել են առանձնապես ծանր հանցագործությունները, հատկապես զենքի գործադրմամբ։