Եվրամիության պատվիրակությունը Եվրոպայի խորհրդում Նախարարների խորհրդի սեպտեմբերի 11–ի նիստում հայտարարություն է ընդունել՝ կոչ անելով Բաքվին վերջ տալ լրագրողների և ակտիվիստների կամայական ձերբակալություններին։
ԵՄ–ն ի գիտություն է ընդունել Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատիժների կանխարգելման եվրոպական կոմիտեի 2024–ի հուլիսին ընդունած հայտարարությունը։
«Մենք ափսոսոում ենք, որ Ադրբեջանը չի գործակցում վերոնշյալ կոմիտեի հետ և կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին վերականգնել այդ կառուցողական երկխոսությունը։
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին լուծել Կոմիտեի զեկույցում ներկայացված խնդիրները ըստ ստանձնած միջազգային պարտավորությունների, այդ թվում այն, որոնք Ադրբեջանը ստանձնել է՝ միանալով Եվրոպայի խորհրդին։
ԵՄ–ն մտահոգված է Ադրբեջանում տեղ գտած վերջին ձերբակալություններով, որոնք համալրում են անկախ լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձերբակալությունների տագնապալի միտումը, որն առկա է 2023–ից։
Մենք կոչ ենք անում Ադրբեջանին թափանցիկություն և պատշաճ իրավական ընթացակարգ ապահովել, ինչպես նաև արժանապատիվ և անվտանգ պայմաններ բոլոր կալանավորվածների համար, այդ թվում բուժսպասարկման և անկախ իրավաբանական ծառայությունների տրամադրման առումով, և լուծում տալ խոշտանգումներին և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքին կամ պատժին առնչվող լուրջ հարցերին»,–ասվում է հայտարարության մեջ։
Ադրբեջանի կառավարությունը շարունակում է այլախոհներին և անկախ լրագրողներին ահաբեկելու և լռեցնելու քաղաքականությունը։ Իշխանություններին քննադատողների դեմ բռնաճնշումները սաստկացան, մասնավորապես, նախագահական ընտրություններին ընդառաջ․ Ադրբեջանում ձերբակալվելցին Abzas Media-ի աշխատակիցներն, այդ թվում՝ կայքի ղեկավար Ուլվի Հասանլին։ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների և իշխող ընտանիքի մասնակցությամբ աղմկահարույց կոռուպցիոն գործարքներ բացահայտած լրագրողական թիմին ադրբեջանական իրավապահները մեղադրում են արտարժույթի մաքսանենգության մեջ, նրանց սպառնում է 7-12 տարվա ազատազրկում։