ՀՀ կառավարությունը կհամաֆինանսավորի Տավուշի Իջևան համայնքի Կիրանց, Բերքաբեր և Աճարկուտ բնակավայրերի գազաֆակացման սուբվենցիոն ծրագիրը։ Որոշումն ընդունվել է գործադիրի նիստում։
Ծրագրի ամբողջական փաթեթը ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմը ներկայացրել էր 2023 թ. հոկտեմբերի 18–ին։
Որոշման մեջ նշվում է, որ քանի որ ծրագրի իրականացման համար համայնքի մասնաբաժինը վճարելու էր «Վարդանյան ընտանեկան հիմնադրամը», և նախատեսված ֆինանսական միջոցները հնարավոր չէր տեղափոխել 2024 թ., այդ պատճառով համայնքը, հրատապությունից ելնելով և չսպասելով ծրագրի վերաբերյալ հանձնաժողովի կայացրած որոշմանը, 2023 թ. իրականացրել է գնման գործընթացներ, ընտրել կապալառու կազմակերպություններ, կնքել պայմանագրեր և իրականացրել շինարարական աշխատանքներ: Այժմ ՀՀ կառավարությունն իրականացնում է իր մասնաբաժին համաֆինանսավորումը։
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, պատասխանելով սահմանազատման հարցերով Հայաստանի ե Ադրբեջանի հանձնաժողովների մայիսի 15-ին հրապարակված հայտարարության մասին հարցերին, նշել էր, որ Ոսկեպար-Բաղանիս հատվածի ամենազգայուն հարցերից մեկը կապված էր Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու, մյուսը` Ոսկեպար-Բաղանիս ԽՍՀՄ ժամանակների ճանապարհի հետ:
«Երկու հարցն էլ լուծվել են լավագույն ձեով: Ճանապարհն ամբողջությամբ ՀՀ տարածքում է, եկեղեցին նույնպես, և սահմանագիծը գտնվում է թե ճանապարհից, թե եկեղեցուց բավականին հեռու: Բերքաբերում ոչ մի զգայուն իրավիճակ չկար և չկա»,–ասվում է պատասխանի մեջ։
Վրաստան տանող միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում ադրբեջանական կողմին է անցնում կամուրջը։ Կառավարությունը հայտարարել է, որ նոր շրջանցիկ ճանապարհ պետք է կառուցվի, 2-3 ամիս ժամկետի մասին է հայտարարվել։