Լուկաշենկոն հայտարարել է, թե կցանկանար վերականգնել Հայաստանի հետ լավ հարաբերությունները, որոնք կային նախորդ տարիներին, մինչև որ «Երևանը ցանկացավ Արևմուտք գնալ»։ Այդ մասին նա ասել է երկրում ապրող ազգային փոքրամասնությունների հետ հանդիպմանը։
«Վատ չէր լինի, եթե նախկինի պես, բոլոր թերություններով ու նրբություններով հանդերձ, բարի հարաբերություններ կառուցվեին Հայաստանի հետ։ Մենք դրանում մեղք չունենք։ Մենք ամեն կերպ աշխատել ենք օգնել հայերին, համագործակցել ենք ինչպես ամենամերձավոր մարդկանց հետ, օգնել ենք ամեն կերպ։ Բայց տեսնում եք՝ Արևմուտք են ուզում, ԵՄ»,–ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։
Լուկաշենկոն նաև կոչ է արել Հայաստանին չկորցնել բարեկամությունը հին գործընկերների հետ։
«Մի կորցրեք այդ բարեկամությունը, այդ եղբայրությունը։ Դա միասնական շուկա է տնտեսության մեջ, փոխադարձ օգնություն։ Մի կորցրեք դա, որովհետև այնտեղ կարող եք ոչինչ ձեռք չբերել»։
Միևնույն ժամանակ նա կրկնել է իր թեզը, թե Հայաստանին ոչ մի այլ տեղ չեն սպասում։
«Ի՞նչ է, կարծում եք Հայաստանին այլ տեղ սպասո՞ւմ են։ Ոչ մեզ, ոչ Հայաստանին, ոչ Ուկրաինային, ոչ ոք չի սպասում։ Յուրաքանչյուրն իր հարցերով է զբաղված և ուզում է իր խնդիրները լուծել այլոց հաշվին»,–ասել է նա։
Հունիսի 13–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ այլևս երբեք չի այցելի Բելառուս, քանի դեռ նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների։ Մինսկն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին՝ նշելով, որ հանգիստ են վերաբերվում նրա «իմպուլսիվ հայտարարություններին» և կանչել է իր դեսպանին խորհրդակցությունների համար։
Ավելի վաղ պետական այցով Ադրբեջան այցելած Լուկաշենկոն այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ մեկնել էր գրավյալ Արցախ, մասնավորապես, Շուշի, որտեղ մի շարք սկանդալային հայտարարություններ է արել, որից պարզ է դարձել որ Արցախի դեմ հնարավոր պատերազմը նա քննարկել է 2020–ից առաջ Ալիևի հետ։ Նա ասել է, որ դեռևս 2020–ից առաջ Ալիևի հետ «փիլիսոփայական զրույցներ են ունեցել» պատերազմով հակամարտությունը հանգուցալուծելու և հետագա վերականգնման դժվարությունների մասին։ Նա նաև ասել է, թե «ասյուհետ Ալիևն է Հարավային Կովկասի առաջնորդը», որ նա «պետք է վերահսկի տարածաշրջանը»։