13 սեպտեմբերի 2024 - 14:53 AMT
ՀՀ դպրոցականները բրոնզ են նվաճել արհեստական բանականության առաջին միջազգային օլիմպիադայում

ՀՀ դպրոցականները բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության (ԱԲ) առաջին միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է սեպտեմբերի 8-12-ն Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում:

Օլիմպիադային մասնակցել է 25 երկրի 90 աշակերտ. յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։

Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Արզումանյանն ու 10-րդ դասարանի աշակերտ Սևակ Եգորյանը, ԵՊՀ «ՍԹԵՄ» ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Հովհաննես Բաղրամյանը և Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Գևորգ Գրիգորյանը։ ՀՀ թիմից բրոնզե մեդալի է արժանացել «Ֆոտոն» վարժարանի սան Գևորգ Գրիգորյանը, իսկ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի սաներ Էդուարդ Արզումանյանը ու Սևակ Եգորյանը՝ գովասանագրերի։

Օլիմպիադան անցկացվել է 2 փուլով՝ տեսական և գործնական։

Հայաստանի թիմը ղեկավարել են Արթուր Ավագյանը (ԵՊՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն) և Մհեր Երզնկյանը («Բույմիե» ընկերության արհեստական բանականության ինժեներ)։

2023-2024 ուսումնական տարում այլ միջազգային օլիմպիադաների է մասնակցել հանրապետության 12 կրթօջախի 105 աշակերտ, որոնք արժանացել են 6 ոսկե, 17 արծաթե և 35 բրոնզե մեդալների: 2022-2023 ուսումնական տարում միջազգային օլիմպիադաներից մասնակցել է 8 կրթօջախի 69 աշակերտ, որոնք արժանացել են 8 ոսկե, 9 արծաթե և 26 բրոնզե մեդալների։