13 սեպտեմբերի 2024 - 15:21 AMT
Այվածքները գրեթե 30%–ով աճել են․ Դեպքերի մոտ 35-40%-ը երեխաներ են

ՀՀ ԱՆ այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանն ասուլիսում, անդրադառնալով կենցաղային պայմաններում այրվածքների ռիսկերին, ասել է, որ այրվածքներ ստացած անձանց թիվն ամեն տարի աճում է։

«Համեմատելով նախորդ տարվա հետ` գրեթե 30% աճ է նկատվում»,-ասել է նա և նշել, որ ամեն մի դեպք դա պարզագույն կանոնի խախտումն է, հայտնում է Aysor.am-ը։

«Տարեկան կտրվածքով` ընդհանուր դեպքերի քանակը հասնում է մոտ 600-700-ի, ու մեծ մասը կենցաղային բնույթի այրվածքներ են լինում։ Դեպքերի մոտ 35-40 տոկոսը երեխաներն են լինում»,- ասել է Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրենը։

Ըստ նրա, պարզ կանոների պահպանումը հնարավոր կդարձնի այս ամենից խուսափել։

«Ավտոմեքենայի պայթյուն է՝ գազի հոտ հստակ կար, բայց չգիտես ինչու որոշեցին ծխախոտ վառել, գազին կաթսան տաքանում է, բայց կողքը երեխաներ են վազվզում, և շատ հեշտությամբ կաթսան կարող է շրջվել և ծանր հետևանքներ առաջացնել»,-ասել է նա։

Նա նշել է, որ օգոստոսին, 2 շաբաթվա ընթացքում մեքենայում գազի պայթյունի 6 դեպք է գրանցվել, բոլորն էլ նույն «սցենարով»՝ գազը լիցքավորեցին, դեռ մեքենայում հոտ կար, բայց որոշեցին ծխախոտ օգտագործել։

Մասնագետը նշել է, որ նույնիսկ օրեր են լինում, երբ այրվածքներով այնքան պացիենտ է դիմում, որ չեն հասցնում իրենց կենտրոնում բուժօգնություն ցույց տալ ու դիմում են գործընկերներին։

Ընթերցեք նաև․ 2024-ի 8 ամսում ՀՀ-ում պայթյունի հետևանքով ավելի շատ մարդ է զոհվել, քան 2023-ին