13 սեպտեմբերի 2024 - 17:33 AMT
Նախարար․ Եթե Սնուփ Դոգի համերգը չկայանա, կազմակերպմանն ուղղված գումարը կվերադարձվի

Ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի՝ դեռևս 2023-ի սեպտեմբերին նախատեսված համերգը եթե չկայանա, համերգի կազմակերպման համար տրամադրած բոլոր գումարները կվերադարձվեն։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա նշել է, որ չի կարող ասել, թե երբ է տեղի ունենալու Սնուփ Դոգի համերգը, որովհետեւ ԿԳՄՍ նախարարությունը չի կազմակերպում համերգը, այլ միայն հանդիսանում է ֆինանսավորող կողմը։ Նա հիշեցրել է, որ համերգի բանակցությունները և կազմակերպումը «Դոփինգ Սփեյս» ընկերության գործն է, հայտնում է Sputnik Արմենիան։

«Մենք իրենցից գրավոր հարցմամբ պահանջել ենք ներկայացնել համերգի հնարավոր ժամկետները։ Սպասում ենք նրանց արձագանքին։ Մեր տեղեկություններով, իրենք բանակցություններ են վարում օրերի շուրջ։ Այս պահին որևէ լրացուցիչ նորություն չկա։ Ստեղծված իրավիճակում ելքը երկուսն է. կամ օրը կհամաձայնեցնեն, և համերգը տեղի կունենա, կամ եթե համաձայնության չգան երգչի հետ՝ համերգը տեղի չունենա, ամբողջ պարտավորվածությունը կլուծվի, բոլոր գումարները կվերադարձվեն»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ռեփեր Սնուփ Դոգի՝ դեռևս անցած տարվա սեպտեմբերին նախատեսված և չկայացած համերգի ֆինանսավորման վերաբերյալ վարույթ է հարուցել առերևույթ արգելված պետական օժանդակության հատկանիշներով։

ՄՊՀ–ն արձանագրել է, որ Սնուփ Դոգի հայաստանյան համերգը կազմակերպելու նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը օժանդակություն տրամադրման հարցում դրսևորվել է ընտրողականություն, քանի որ ծրագրի իրականացումը վստահված է մեկ տնտեսավարողի՝ առանց մրցույթի:

ՀՀ կառավարության 2023 թ. օգոստոսի 11–ի որոշմամբ` «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակում Սնուպ Դոգի հայաստանյան համերգը կազմակերպելու նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը տրամադրվել է 2 մլրդ 318 մլն 596 800 դրամ։ ԿԳՄՍՆ-ի և ընկերության միջև կնքված պայմանագրով գումարը տրամադրվել է դրամաշնորհի տեսքով։ Այդ գումարն օգոստոսի 25-ին ամբողջությամբ վճարվել է։ Սնուփ Դոգը գումարը չի վերադարձրել։ Ռեփերի հոնորարը կազմում է 1.8 մլն դոլար։