13 սեպտեմբերի 2024 - 17:57 AMT
Որոշ ընտրված մանակապարտեզներ կընդունեն նաև 1 տարեկան երեխաների

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նոր փորձնական ծրագիր է մեկնարկում՝ հնարավորություն ստեղծելով, որ Գյումրու, Վանաձորի և Երևանի ընտրված մանկապարտեզներն ընդունեն նաև 1 տարեկան երեխաների: Այդ մասին ասուլիսում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Այժմ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, հայտնում է Արմենպրեսը։

«Ցանկանում ենք այնպես անել, որ մանկապարտեզները հասանելի լինեն նաև 1 տարեկան երեխաների համար: Այս փորձնական ծրագիրը պլանավորված է Գյումրիի, Վանաձորի և Երևանի ընտրված մանակապարտեզներում»,-ասել է նախարարը:

Նախարարությունն այժմ այդ մանկապարտեզներին հավելյալ գույքով է ապահովում, գործընթացի ավարտից հետո կմեկնարկեն աշխատանքները: Արդեն իսկ կան հերթագրվածներ: Նախարարը նաև նշել է, որ քիչ չեն բնակավայրերը, որոնք երբևէ մանկապարտեզ չեն ունեցել:

«Այս պահի դրությամբ մենք դեռևս ունենք մինչև 200 նման բնակավայր, որտեղ նախակրթարանի կամ մանկապարտեզի կարիք կա: Այդ ցանկերով հավելյալ աշխատանք ենք տանում, որ բոլոր բնակավայրերում հասանելիությունն ապահովենք»,-ասել է նախարարը:

Անդրեասյանը հիշեցրել է կառավարության կողմից 500 մանկապարտեզ կառուցելու ծրագրի մասին: Կառավարության ծրագրի թիրախն է բոլոր երեխաների համար ապահովել նախադպրոցական կրթության հասանելիություն: