Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին հարաբերությունների նախարար Ստեֆան Սեժուրնեն այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր։ Այդ մասին նա գրառում է կատարել X-ի միկրոբլոգում։
«Մուսա լեռան հուշահամալիրում։ 1915 թվականի սեպտեմբերին 53 օրվա հերոսական դիմադրությունից հետո 4092 մուսալեռցի հայ փրկվեց ծովակալ Դարտիժի և ֆրանսիացի նավաստիների շնորհիվ։ Նրանք մազապուրծ եղան ցեղասպանությունից։ Մենք հիշում ենք այս հայ և ֆրանսիացի հերոսներին», ասվում է Սեժուրնեի գրառման մեջ։
1915-ին Մուսա լեռան գյուղերի հայ բնակչությունը, կանխազգալով մոտալուտ վտանգը, բարձրացել էր Մուսա լեռ և սկսել ինքնապաշտպանությունը, որ տևեց 1915 թ-ի հուլիսի 21-ից սեպտեմբերի 12-ը։ Վերջ ի վերջո ֆրանսիական և անգլիական նավերը տեսնելով ինքնապաշտպանվողների «քրիստոնյաները վտանգի մեջ են» գրությունը, օգնության եկան և տեղափոխեցին ինքնապաշտպանվող 4231 հայերին Եգիպտոս, որտեղ հետագայում շատերը մտան Ֆրանսիական հայկական լեգեոնի կազմի մեջ։ Ոգեշնչված և տպավորված այս իրադարձություններով ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելը 1933 թ-ին գրում է «Մուսա լեռան քառասուն օրը» ստեղծագործությունը։