17 սեպտեմբերի 2024 - 13:22 AMT
Մայր տաճարը կբացվի 6 տարվա մանրակրկիտ աշխատանքից հետո. Նման ծավալի վերանորոգում երբևէ չի եղել

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն եպիսկոպոս Մուշեղ Բաբայանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Էջմիածնի Մայր տաճարում 6 տարի ընթացքող վերանորոգման աշխատանքների արդյունքում ակնհայտ փոփոխություններ են եղել։

Ըստ նրա` նման ծավալի վերանորոգման աշխատանքներ երբևէ չեն եղել, միայն 1620–ական թթ. Մովսես Տաթևացի կաթողիկոսի ժամանակ է եղել մեծածավալ վերանորոգում, հայտնում է Sputnik Արմենիան։

«Մայր տաճարի գույներն ավելի են պայծառացել մոտենալով այն գույներին, որոնք վրձնած են եղել հենց հեղինակների Հովնանյան ընտանիքի որմնանկարիչների կողմից։ Այն գեղեցկությունը, որ ուզում եք տեսնել, մեզնից թաքնված է եղել տարիների մրի և ծխի հետևանքով գոյացած շերտի ներքո, հիմա այն բացվել է մեր վերականգնող վարպետների շնորհիվ։ 6 տարվա վերանորոգման մանրակրկիտ աշխատանքը 60 տարվա արժեք ունի»,– ընդգծել է նա։

Նրա խոսքով տաճարում ոչ մի սուրբ սեղան չի տեղաշարժվել, ընդհակառակը նրանք, որոնք դարերի ընթացքում ամրակայումների արդյունքում որոշակի փոփոխություններ են ունեցել, հիմա է՛լ ավելի են ամրակայվել ու իրենց համար նախատեսված տեղում են։

«Առաջիկա օծմամբ այդ սուրբ սեղաններն էլ ավելի կսրբագործվեն և հաստատուն կմնան հազարամյակներով»,– հավելել է սրբազանը։

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչը նշել էր, որ տաճարի վերանորոգման համար հայտարարված էր համազգային հանգանակություն, սակայն այդ ընթացքում սկսվեց կորոնավիրուսի համավարակը, հետո 44-օրյա պատերազմը, և այդ պատճառով Գարեգին 2–րդը որոշեց նախատեսված բոլոր հանգանականություններն ուղղել դեպի Արցախ, կարիքավորներ, բռնագաղթածներ։

«Օրինակ` եղել է մարդ, որ որպես հանգանակություն իր ֆիզիկական ուժն է առաջարկել տաճարի վերանորոգման աշխատանքների համար»,– ասել է Մուշեղ եպիսկոպոսը։

Նա նշել է, որ պետության կողմից ֆինանսավորում չի եղել։

Էջմիածնի Մայր տաճարն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցանկում, այդ պատճառով, ըստ նրա, վերանորոգման համար յուրաքանչյուր քար, շինանյութ ընտրվել ու համաձայնեցվել է ըստ ՅՈւՆԵՍԿՕ–ի և ՀՀ օրենսդրության պահանջների ու ստանդարտների։

Մայր տաճարը կվերաօծվի սեպտեմբերի 29-ին` ժամը 10։30-ին։