17 սեպտեմբերի 2024 - 17:35 AMT
TEMU-ից արտահոսք է եղել․ Փորձագետների խորհուրդը` փոխել գաղտնաբառը

Առցանց առևտրի TEMU հարթակից 87 մլն հաճախորդի տվյալների արտահոսք է եղել, այդ թվում՝ ՀՀ բնակիչների անձնական տվյալների։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է CyberHub-ի անվտանգության ինժեներ Լևոն Իսաջանյանը։

«Ոնց հասկանում եմ, արտահոսել է UserId, Username, e-mail, address, IP address, Gender, Phone Number, DOB: Կան այլ տվյլաներ, որոնք գտնվում են հէշավորված վիճակում կամ այլ Boolean մակարդակում, ինչը հնարավոր չէ իդենտիֆիկացնել մինչ չլինի ամբողջ տվյալների շտեմարանը»,–ասվում է գրառման մեջ։

CyberHub-ի համահիմնադիր Արթուր Պապյանը Factor TV-ի հետ զրույցում ասել է, որ կան հատուկ ֆորումներ, որտեղ այդ տվյալները վաճառվում են։ Մասնագետն այս պարագայում, խորհուրդ է տալիս TEMU հարթակից օգտվող բոլոր քաղաքացիներին փոխել իրենց գաղտնաբառերը և TEMU-ում, և մյուս այլ հարթակներում, որտեղ դրանք համընկնում են, գրում է Factor.am-ը։

«Շատ մարդիկ սովորույթ ունեն նույն մեյլի հասցեով, նույն գաղտնաբառով գրանցվել բոլոր հնարավոր ծառայություններում ու էջերում։ Հիմա որ TEMU-ում կոտրել են, եթե նույն գաղտնաբառն է ինչ Facebook-ում, Instagram-ում կամ այլ հարթակներում, ապա դա արդեն բավական մտահոգիչ է։ Պետք է TEMU-ում գրանցված քաղաքացիները փոխեն իրենց գաղտնաբառերը այս հարթակներում, որպեսզի իրենց ավելի անվտանգ դարձնեն»,- ասել Է Պապյանը։

Թե Հայաստանից որքան տվյալի արտահոսք է եղել, մասնագետի խոսքով, դժվար է ասել։ Ըստ Պապյանի՝ պարզելու համար կարիք կլինի հաքերների անօրինական արխիվ գնելու, որը այս պարագայում մասնագետները ցանկալի չեն համարում։

Ավելի ուշ Իսաջանյանն իր էջում գրել է, որ ըստ աղբյուրներից մեկի տվյալ արտահոսքի մասին լուրը պաշտոնական ընկերությունը չի հաստատում։