Ֆրանսիան 600,000 եվրո կուղղի Հայաստանում ֆրանսերենի ուսուցման որոկի բարելավման համար։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին փաստաթուղթ են ստորագրել ուղղված ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման խթանմանը և զարգացմանը:
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կհստակեցվի ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագրերով աշխատող դպրոցների ցանկը, որում այս պահին ընդգրկված է 19 դպրոց, սակայն դրանց թիվը կարող է ավելանալ՝ հաշվի առնելով, որ նոր ծրագրերը մեծ հետաքրքրություն կներկայացնեն նաև այլ դպրոցների շրջանում:
«Հանրակրթության նոր չափորոշչով մենք դպրոցներում օտար լեզուների իմացությունը բարելավելու խնդիր ենք դրել: Կարևորում եմ այն ջանքերը, որ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ հետևողականորեն ներդնում ենք՝ ֆրանսերենի իմացության բարելավման ուղղությամբ: Ծրագրի շրջանակում դպրոցներում ներդրվելու են ֆրանսերենի ուսուցման նոր ծրագրեր, օգտագործվելու են նոր դասագրքեր և ուսումնական նյութեր, ինչպես նաև մեծ աշխատանք է տարվելու ուսուցիչների կարողությունների զարգացման ուղղությամբ՝ ձևավորելով վերապատրաստող ուսուցիչների խումբ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:
Օլիվիե Դըկոտինյին ասել է, որ Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն անդամակցությունը ռազմավարական նշանակություն ունի:
«Ֆրանսիայի դեսպանությունը պատրաստ է տարբեր մարզամշակութային միջոցառումներ կազմակերպելու փորձառությամբ կիսվել Հայաստանի հետ՝ 2027 թվականին կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին ընդառաջ: Մեզ համար դեռ վառ է 2018–ին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու հետ կապված հիշողությունը: 10 օրից Ֆրանսիայում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի հերթական գագաթնաժողովը:»,- ասել է դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
Դեսպանն ընդգծել է նաև ոչ միայն Երևանում, այլև ՀՀ մարզերում ֆրանսերենի ուսուցման տարածման անհրաժեշտությունը:
Համաձայն ստորագրված փաստաթղթերի՝ կողմերը համատեղելու են իրենց ջանքերն առ այն, որ ֆրանսերենի ուսուցիչների շարունակական, կանոնավոր և համակարգված վերապատրաստումը հնարավոր լինի ապահովել 2025 թվականից սկսած՝ յուրաքանչյուր ուսուցչի համար տարեկան առնվազն 10 օր տևողությամբ: