18 սեպտեմբերի 2024 - 16:06 AMT
«Բամբիռը» թողարկել է «Մանկական խաղեր» ալբոմը

«Բամբիռը» (The Bambir) սեպտեմբերի 18–ին թողարկել է իր 12-րդ՝ «Մանկական խաղեր» ալբոմը։ Խմբի երկար սպասված ալբոմն անդրադառնում է մանկական անմեղության և չափահասության ժամանակ այցելող հիասթափության բախմանը։

«Մանկական խաղեր» ալբոմը դուրս է ռոքի ավանդական պատկերացումներից։ Համադրելով անզուսպ անկեղծությունը և փորձարարական հնչյունները՝ այն ընդլայնում է ժանրի սահմանները։ Ալբոմն անդրադառնում է այն անմիտ դաժանություններին և տանջանքներին, որոնք չափահաս մարդիկ վերապրում են՝ չհասունանալով թե՛ իրենց, թե՛ մյուսների հանդեպ։

«Մենք ցանկանում էինք ստեղծել մի բան, որը կլինի թե՛ խորը անձնական, թե՛ հավաքական։ «Այս ալբոմը ճանապարհորդություն է չափահասության մութ անկյուններով, որը բացահայտում է մանկության ազդեցությունն ու դրա կարևորությունն ապագա կյանքի ձևավորման գործում»,– ասել է Նարեկ Բարսեղյանը։

Ալբոմի երգացանկը․

«Փակ շուրջպար» – Այստեղ հյուսվում են ռոքը, հումորը և էթնիկ ազդեցությունները։ Այս երգը սահմանում է ալբոմի ոճն ու տրամադրությունը։

«Թռնենք» – Երգ, որը մարտահրավեր է նետում վախին սիրո միջոցով։

«Մանկական խաղեր» – 2000-ականների սկզբին թողարկված ստեղծագործության նոր մշակումը։ Անդրադարձ մանկության ազդեցությանը չափահասության վրա։

«Ամենեցուն» – Ռոք բալլադ, որը կապանքներից ազատվելու և ներելու կոչ է անում։

«Ուր էիր» – Երգ հետհայացք՝ հեքիաթային տրամադրությամբ։

«Տուր ինձ» – Ալբոմի պայթունային առաջին սինգլն է ծանր (hard) ռոք ոճում։

«Դժվար է» – Բանականության պայքարի ուսումնասիրություն՝ փորձարարական ռոք մոտիվներով։

«Խնդաս գը» – Հասարակության մանիպուլյացիայի և ապակողմնորոշման քննադատական վերլուծություն։

«Մանկական Խաղերը» խոստանում է հեղափոխական ռոքային փորձառություն։ Ալբոմի պրոդյուսերները Սեմ Սարյանը և Նարեկ Բարսեղյանն են։ Ալբոմը ձայնագրվել է The Meeting Point ստուդիայում։ Մաստերինգը կատարվել է Լևոն Նավասարդյանի կողմից։

«Բամբիռը» ներկայացված է հետևյալ երաժշտական հարթակներում՝ Spotify, Apple Music, YouTube

«Բամբիռ»-ը (The Bambir) հայտնի է ռոք երաժշտությանն իր նորարարական մոտեցումներով և խելահեղ կենդանի կատարումներով: Խմբի նոր սերնդի դեբյուտային ալբոմից՝ «B.B.R.»-ից (2005) սկսած, նրանք գրավել են համաշխարհային հանդիսատեսին իրենց եռուն և ազդեցիկ շոուներով ինչպես Հայաստանում, այնպես էլ Միացյալ Նահանգներում, Իռլանդիայում, Ֆրանսիայում, Լիբանանում, Հունաստանում, Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում: «Բամբիռ»-ը՝ կանգնած լինելով հայկական ռոքի ակունքներում և հանդիսանալով այս ոճը զարգացնողներից մեկը, իր հետքն է թողել ոչ միայն հայկական, այլև ժամանակակից համաշխարհային ռոք երաժշտության աշխարհում: