Սեպտեմբերի 17-ին ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է հայ-իրանական սահման, որտեղ տեղակայված է ՌԴ ԱԴԾ 127-րդ սահմանապահ ջոկատը, հանդիպել ռուս սահմանապահների հետ, հայտնում է ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանությունը։
Ռուսական սահմանապահ ջոկատի հրամանատար, գնդապետ Շչերբակովը ներկայացրել է իրավիճակը ռուս սահմանապահների պատասխանատվության գոտում և ջոկատի օպերատիվ և ծառայողական գործունեության որոշ արդյունքներ, այդ թվում՝ սինթետիկ և բուսական ծագման թմրամիջոցների խոշոր խմբաքանակի առգրավում, Ագարակի անցակետում սահմանախախտների բազմաթիվ ձերբակալություններ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում, անդրադառնալով ապաշրջափակման հարցին, ասել է, որ ճանապարհները պետք է գործեն ՀՀ ինքնիշխանության, իրավազորության ներքո։ Ավելի վաղ նա ասել էր, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով կոմունիկացիաների բացման անվտանգության երաշխավորի դերը վերապահված է ՀՀ-ին։ Նա հավելել է, որ փորձ է արվում ներկայացնել, թե եռակողմ հայտարարությունը ենթադրում է, որ այս կոմունիկացիաների անվտանգությունը պետք է ապահովեն երրորդ ուժեր կամ երրորդ երկիր՝ նման ընկալումը որևէ կապ չունի իրականության հետ։