15 մայիսի 2009 - 22:33 AMT
«Նաիրիտ գործարանում» տեղի ունեցած պայթյունը չի անդրադառնա շրջակա միջավայրի վրա
«Նաիրիտ գործարանում» պայթյունի տարածքի նախնական հետազոտման արդյունքում շրջակա միջավայրի իրական աղտոտում չի հայտնաբերվել, լրագրողներին է հայտարարել բնապահպանության նախարարության Պետական բնապահպանական տեսչության պետի տեղակալ Մարզպետ Քամալյանը: Նրա խոսքերով, անհապաղ պատահարի վայր են ժամանել համապատասխան մասնագետներ, իսկ նրանցից մեկը նույնիսկ մասնակցել է փրկարարական աշխատանքներին:

«Հետազոտական աշխատանքների վերջնական արդյունքներն այն մասին, թե ինչպես է ազդել պայթյունը ջրային ռեսուրսների ու շրջակա միջավայրի վրա, կհրապարակվեն առաջիկայում նախարարության պաշտոնական կայքում»,-ասել է նա: Այդ առնչությամբ նա հավելել է, որ լուրջ վնաս շրջակա միջավայրին այդ նյութերի այրման արդյունքում չէր կարող հասցվել: «Որպես կանոն, օրգանական նյութերը հրդեհի ժամանակ այրվում են, կան փոքր արտանետումներ, սակայն դա չի հանգեցնում շրջակա միջավայրի իրական աղտոտման»,-ասել է նա: Քամալյանը հաղորդել է նաեւ, որ հետազոտությունները ցույց են տվել, որ մթնոլորտի աղտոտում նորմայից բարձր չի գրանցվել: