15 մայիսի 2009 - 23:03 AMT
Հայաստանը վճռական է երկրի պաշտպանության ոլորտի բարեփոխման հարցում
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ելույթ ունենալով Երեւանում «Անվտանգությունն ու համագործակցությունը Կովկասում եւ նրա շուրջ», ներկայացրել է հիմնական բարեփոխումները հանրապետության պաշտպանության ոլորտում: «ՀՀ պաշտպանական բարեփոխումները համընդգրկուն բնույթ ունեն եւ ուղղված են հետեւյալ հիմնական նպատակների իրականացմանը. 1.Ճկուն, թափանցիկ եւ արդյունավետ համակարգերի ու ժամանակակից չափանիշների ներդրմամբ Զինված ուժերի արդիականացում եւ մարտունակության բարձրացում,
2. ՀՀ ռազմական անվտանգության ապահովում` իրական եւ հնարավոր ռազմական սպառնալիքների չեզոքացմամբ,
3. ՀՀ Զինված ուժերի կողմից միջազգային անվտանգության ապահովման մասնաբաժնի ստանձնում` միջազգային անվտանգության տարբեր կառույցների հետ փոխգործակցելիության հնարավորությունների ընդլայնմամբ:
4. ՀՀ Զինված ուժերի շարունակական բարեփոխման միջոցով անբարենպաստ տարածաշրջանային զարգացումների զսպում` ռազմական հավասարակշռության պահպանման միջոցով, ինչն ապացուցվել է արդեն 15 տարի առանց երրորդ կողմի միջամտության պահպանվող հրադադարի եւ հարեւան երկրին խաղաղության պարտադրման փաստով:
2008-2009թթ. իրականացված հավասարակշռված պաշտպանական համագործակցության արդյունքում ոչ միայն ընդլայնվել են ՀՀ զինված ուժերի միջազգային կապերն ու ներգրավվածությունը միջազգային գործընթացներում, այլեւ լայն հնարավորություններ են ստեղծվել առաջիկայում դրանք ամրապնդելու եւ ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ու արդիականացման գործին ծառայեցնելու համար: Նման բարեփոխումները, սակայն, պետք է իրականացվեն զուգահեռաբար ու համաչափ, տարածաշրջանի բոլոր երկրների կողմից, թափանցիկության ու հավասարակշռման ոգով, որպեսզի որեւէ կողմ ձեռք չբերի առավելություն` իր աշխարհագրության կամ ռեսուրսների քանակի միջոցով, եւ այն չօգտագործի ի վնաս տարածաշրջանի կայունության:

Պաշտպանական քաղաքականության առումով մեկ բան պարզ է. մենք որդեգրել ենք Զինված ուժերի բարեփոխումների ուղին եւ հաստատակամ ենք այն իրականացնելու գործում, քանզի համոզված ենք, որ մեր բանակի զարգացման եւ արդիականացման, այն 21-րդ դարի պահանջներին համապատասխանեցնելու համար այլընտրանքային տարբերակ չկա: Ահա սա հանդիսանում է ՀՀ ազգային շահերից մեկը, եւ մենք այն ապահովում ենք համագործակցության միջոցով»,-հայտարարել է Սեյրան Օհանյանը: