21 սեպտեմբերի 2024 - 13:18 AMT
Բլինքեն․ ԱՄՆ–ն անդրդվելի է հայ ժողովրդի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության աջակցության հարցում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Միացյալ Նահանգների անունից շնորհավորանքներ է հղել Հայաստանի ժողովրդին՝ Անկախության 33-րդ տարեդարձի առթիվ։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ–ն անդրդվելի է հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումների, ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության աջակցության հարցում։Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ։

«Որպես Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկիր՝ Միացյալ Նահանգները հպարտ է, որ շարունակում է մնալ Հայաստանի կողքին, քանի որ այն դառնում է մեր ժողովրդավարական համայնքի ծաղկող անդամը», - իր խոսքում նշել է Բլինքենը, հայտնում է Արմենպրեսը։

Նա հավելել է, որ աշխատելով Միացյալ Նահանգների և միջազգային գործընկերների հետ՝ Հայաստանը ստեղծել է ներառական տնտեսություն, որն ավելի ու ավելի շատ է կապվում աշխարհի հետ։Անդրադառնալով երկու երկրների միջև տնտեսական գործընկերությանը՝ նա նշել է, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև առևտուրը վերջին տասը տարվա ընթացքում կրկնապատկվել է։

«Մենք աշխատում ենք Հայաստանի էներգառեսուրսների դիվերսիֆիկացման և նրա բնակչության ու տարածաշրջանի էներգետիկ անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Մեր ժողովուրդների միջև կապերը, որոնք մեր հարաբերությունների հիմքն են, շարունակում են աճել և ամրապնդվել՝ ամրապնդված Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում հզոր հայկական սփյուռքի շնորհիվ», - ասել է Պետքարտուղարը՝ ընդգծելով, որ համատեղ աշխատանքով կարելի է ավելի մեծ բարգավաճում ստեղծել երկու ժողովուրդների և տարածաշրջանի համար՝ Հարավային Կովկասը դարձնելով ավելի փոխկապակցված, կայուն և անվտանգ։

Մենք հարգում ենք Հայաստանի հանձնառությունը հաշվետու կառավարմանը և օրենքի գերակայությանը՝ լուրջ մարտահրավերների ժամանակաշրջանում։ Մենք կշարունակենք պաշտպանել կայուն և արժանապատիվ խաղաղությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում», - ասվում է ԱՄՆ պետքարտուղարի ուղերձում:

Photo. AP