Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Իտալիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Անտոնիո Տայանին քննարկել են տարածաշրջանային զարգացումները։
Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քայլերին։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանն ունի հստակ քաղաքական կամք՝ սեղմ ժամկետում Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր, ինչին և ուղղված է եղել պայմանագրի նախագծի վերաբերյալ ՀՀ կողմից ներկայացված վերջին առաջարկը։
Նախարար Միրզոյանը շեշտել է, որ տարածաշրջանում կայունության ապահովման ՀՀ տեսլականը հիմնված է տարածքային ամբողջականության անվերապահ հարգման, սահմանների անխախտելիության սկզբունքների, ինչպես նաև տնտեսական փոխկապակցվածությանը միտված նախաձեռնությունների վրա։
Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ Երևանը Բաքվին առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածները։ Նա հավելել է, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։