Թուրքիայի նախագահականի ռազմարդյունաբերության վարչությունը հայտարարել է, որ Ադրբեջանի և թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունների միջև նոր համաձայնագրեր են ստորագրվել:
Վարչության սոցցանցում տարածած հայտարարության մեջ կնքված պայմանագրերը որակվել են «կարևոր», հայտնում է Ermenihaber-ը։
Համաձայնագրերը վերաբերում են էլեկտրական ռազմական մեքենաների համատեղ զարգացմանը, խելացի զինամթերքի արտադրությանը, սիմուլյացիոն վարժական տեխնոլոգիաների և զինամթերի արտադրության գծին, ռազմավարական ցանցային հաղորդակցման համակարգին, օդային պլատֆորմների հաղորդակցության մոդեռնիզացմանը և նման մի շարք այլ ծրագրերի:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի ռազմական ղեկավարությունը Բաքվում է։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով, Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Ադրբեջանի 5-րդ պաշտպանական միջազգային ADEX ցուցահանդեսին։ Թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունների թիվը Բաքվի ցուցահանդես-վաճառքում ռեկորդային է` հասնում է 50–ի։