Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր՝ ներառյալ Հարավային Կովկասում և դրա շուրջ վերջին զարգացումները։
Միրզոյանը ներկայացրել է ՀՀ տեսլականը ժողովրդավարական ուղու շարունակականության, տնտեսական զարգացման, ավելի լայն աշխարհագրությամբ փոխկապակցվածությամբ ապահովման հարցում։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է սեղմ ժամկետում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում ՀՀ հստակ քաղաքական կամքը՝ արտահայտված նաև խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ վերջին առաջարկում։
Արարատ Միրզոյանն ընդգծել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում ՀՀ շահագրգռվածությունը՝ հիմնված հանրահայտ սկզբունքների վրա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։ Նա Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթ է ունենալու նաև ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում: Նյու Յորք է մեկնել նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նա հանդես կգա ելույթներով: Նախատեսված են հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։