Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան երկկողմ հանդիպում կանցկացնեն հոկտեմբերին Ժնևում կայանալիք Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի շրջանակում՝ քննարկելու տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերը։ Այդ մասին հայտնել է կառույցի խոսնակ Թոմաս Ֆիցսիմոնսը։
Հանդիպման ստույգ օրը դեռևս հայտնի չէ, գրում է Factor.am-ը։
«Հոկտեմբերի 13-17-ը Ժնևում Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների երկկողմ հանդիպումը կկայանա երրորդ անգամ: Հանդիպման ստույգ օրը դեռևս հայտնի չէ: Նրանց հանդիպման նպատակն է տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերին խորհրդարանական դիվանագիտության տարր ներմուծել»,- ասել է նա,
Երկու երկրների օրենսդիր մարմինների ղեկավարները հանդիպել էին մայիսի 16-ին Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի հանդիպման շրջանակում։ Եվս մեկ հանդիպում տեղի է ունեցել մայիսին։