Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, սեպտեմբերի 26–ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նյու Յորքում կհանդիպի Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ՝ հասնելու խաղաղության բանակցությունների «վերջնական փուլին»։ Այդ մասին գրել է Turan-ը՝ «երկու իրազեկ աղբյուրի» վրա հղումով։
Պարզ չէ, սակայն, թե ինչպիսին կլինի «վերջնական փուլը» կամ դրա հնարավոր արդյունքը՝ ԱՄՆ Պետքարտուղարությունն այդ առնչությամբ մեկնաբանություն չի տվել։
Եթե հանդիպումը կայանա, դա կլինի Բլինքենի երկրորդ եռակողմ հանդիպումն ԱՄՆ-ում հայ և ադրբեջանցի գործընկերների հետ երեք ամսից քիչ ժամանակահատվածում։ Վերջին անգամ նրանք հանդիպել են Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։
Վերջին շրջանում Բլինքենն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքների կապակցությամբ։