25 սեպտեմբերի 2024 - 14:47 AMT
Պապիկյան. Կարևորում եմ ՀՀ-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով գործակցությունը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Կիպրոսից գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ կարևորում է ՀՀ-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով գործակցությունը՝ միտված միևնույն արժեքները կրող մեր երկրների համատեղ նպատակների իրականացմանը և մարտահրավերներին դիմակայելու պատրաստությանը։

Նախարարը նշել է, որ Կիպրոսն ու Հայաստանը ոչ միայն լավ բարեկամներ են, այլև՝ բնական դաշնակիցներ։ Նա հավելել է, որ այս այցը բարեկամական կապերը միջպետական ամուր հարաբերությունների վերածելու կարևոր քայլերից մեկն է, հայտնում է «Փաստինֆոն»։

«Ամրագրեցինք, որ թեև պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա և վերջին տարիներին դինամիկ զարգանում է, սակայն ունենք չօգտագործված մեծ ներուժ, որն առաջիկայում կյանքի ենք կոչելու»,- ասել է Պապիկյանը։

Պապիկյանը բարձր է գնահատել նաև Կիպրոսի աջակցությունը ԵՄ աջակիցների և անդամ պետությունների հետ համագործակցությունում, հայ-կիպրական կապերը կարող է իր նպաստը բերել կազմակերպության շրջանակներում ՀՀ-ի՝ ինտեգրման շրջանակներում։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով սեպտեմբերի 24-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի գլխավորած պատվիրակությունը:

Ընթերցեք նաև․ ՊՆ ղեկավար․ Կիպրոսը սատարում է ՀՀ տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և սահմանների անձեռնմխելիությանը