Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն իր հեղինակած գիրքն է նվիրել նրան։ Այն կոչվում է «Առավել արդար աշխարհը հնարավոր է» և նվիրված է գլոբալ հարցերին, այդ թվում՝ ՄԱԿ ԱԽ վերափոխման հարցին, հայտնում է Haqqin.az-ը։
Հանդիպմանը զրուցակիցները մանրամասն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում արդեն իսկ կատարված քայլերին և առկա պայմանավորվածություններին: Ընդգծվել է կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը: Կողմերն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային հարցերին, հայտնում է ՀՀ վարչապտի աշխատակազմը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում իր ելույթի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին՝ նշելով, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը կարտացոլվի նաև հայ-թուրքական հարաբերությունների վրա։ Նա հավելել էր, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին։ Այդ մասին հայտնել էր «Ամերիկայի ձայնը»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։ Նա Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթ է ունենալու նաև ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում: Նյու Յորք է մեկնել նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նա հանդես կգա ելույթներով: Նախատեսված են հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։