Սեպտեմբերի 27-ին դեսպան Քրիստինա Քվինը զորակցել և իր հարգանքի տուրք է մատուցել Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևող հակամարտության հետևանքով իրենց կյանքը զոհած հայերին, հայտնում է ԱՄՆ դեսպանությունը։
Նշվում է, որ ԱՄՆ–ն հանձնառու է աշխատել Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու իրենց տունն ու ապրուստը կորցրած անձանց:
«Մենք վերահաստատում ենք մեր հաստատուն աջակցությունը տարածաշրջանում տևական և արժանապատիվ խաղաղության հաստատմանը, որը կապահովի կայունություն և անվտանգություն»,–ասվում է հաղորդագրության մեջ։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը նախահարձակ ռազմական գործողություններ սանձազերծեց Թուրքիայի աջակցությամբ և լայնածավալ ագրեսիա սկսեց Արցախի դեմ շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով օդուժի, հրետանու, անօդաչուների կիրառմամբ՝ հրթիռակոծելով նաև խաղաղ բնակավայրերը։ Երկու կողմը հազարավոր զոհեր և վիրավորներ ունեցան: Ըստ պաշտոնական տվյալների՝ 44-օրյա պատերազմում հայկական կողմը տվել է 3830 զոհ։
Ադրբեջանին հաջողվեց գրավել Արցախի Հադրութի շրջանը, Շուշին, Ղարաբաղին հարակից՝ հայկական վերահսկողության տակ գտնվող հարավային շրջանները: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հրադադար հաստատվեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրությամբ, որով Ադրբեջանին անցան Քարվաճառի շրջանը, Ակնայի շրջանը, Լաչինի շրջանը՝ բացառությամբ Լաչինի միջանցքի, Հադրութի շրջանի մի քանի շրջաններ, Ասկերանի և Մարտակերտի շրջանի որոշ գյուղեր։ Ռուս խաղաղապահներ տեղակայվեցին Արցախի և Ադրբեջանի շփման գծի, ինչպես նաև Լաչինի միջանցքի երկայնքով: