COP29-ի նախագահ, Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևը, որը մասնակցում է Նյու Յորքի Կլիմայի հարցերին նվիրված շաբաթին, հայտարարել է, թե Բաքվում հուսով են, որ Հայաստանը կմասնակցի COP29-ին։
Նա ասել է նաև, որ հայկական պատվիրակության հետ հանդիպում չի ունեցել, գրում է 1news.az-ը։
«Նման հանդիպում նախատեսված չէր։ Սակայն, մենք հրավիրել ենք Հայաստանի պատվիրակությանը մասնակցելու COP29–ին։ Ավանդաբար, բոլոր երկրներն են մասնակցում COP–ին։ Հավատում ենք, որ Հայաստանի պատվիրակությունը ևս կմասնակցի»,–ասել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Առաջնորդություն հանուն խաղաղության. ՄԱԿ-ի կանոնադրության շուրջ համախմբված, անվտանգ ապագայի որոնումներով» խորագրով քննարկմանը մեկ անգամ ևս կրկնել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը:
Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։