27 սեպտեմբերի 2024 - 17:12 AMT
ՀՀ պաշտպանության ժամանակ կյանքին կամ առողջությանը վնասի հատուցման կարգավորումները կտարածվեն նաև ՊՊԾ-ի վրա

ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաև պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծին։

Օրինագիծը ներկայացրել է Պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանը։ Նա նշել է, որ մինչև ԱԱԾ-ից առանձնացումն օրենքի դրույթները տարածվում էին նաև ՊՊԾ զինծառայողների վրա, և հատուցման անհրաժեշտություն առաջանալու դեպքում վերոնշյալ տեղեկատվությունը հիմնադրամ պետք է ներկայացվեր ԱԱԾ-ի կողմից:

Սակայն հաշվի առնելով, որ ՊՊԾ-ն այլևս ընդգրկված չէ ԱԱԾ կառուցվածքում և հանդիսանում է վարչապետին ենթակա մարմին, օրենքում թվարկված գերատեսչությունների թվում ՊՊԾ բացակայությունը հատուցման անհրաժեշտություն առաջանալու պարագայում կարող է խոչընդոտել շահառուներին հատուցման գումարի վճարմանը, ինչով էլ պայմանավորված է նախագծով առաջարկվող լրացումը: