Սեպտեմբերի 29–ին տեղի է ունեցել Մայր տաճարի վերաօծման արարողությունը։ Վերանորոգման աշխատանքները տևել են մոտ 6 տարի։ Արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ինչպես նաև այլ պաշտոնյաներ, չնայած վերջին շրջանում եկեղեցու և իշխանությունների միջև առկա լարվածությանը։
Բացման արարողությանը հաջորդել է հայրապետական սուրբ պատարագը։ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն իր պատգամում ասել է, որ Սուրբ Էջմիածնի առաքելությունը արժեզրկելու որևէ քայլ նշանակում է փորձել տկարացնել մեր ազգին, խարխլել հիմքերը անկախ ու ինքնիշխան կյանքի, որի ջատագովն ու պաշտպանն է հայոց եկեղեցին։
«Պատմական անբեկանելի ճշմարտություն է՝ մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարված հասցնել հայոց պետականությանը և հայ կյանքը պարպել ազգային ու հոգևոր բովանդակությունից»,–ասել է նա։
Նախկին նախագահները չեն մասնակցել արարողությանը։ ՀՀ երրորդ նախագահի գրասենյանը հայտնել էր, որ «Սերժ Սարգսյանն անհնարին է համարում Հայաստանի գործող ապազգային կառավարիչների հետ նույն վայրում որևէ միջոցառման մասնակցելը»։
Պատարագից հետո Ամենայն հայոց կաթողիկոսը Սուրբ խաչով օրհնել է Մայր տաճարում և դրսում հավաքված բազմությանը։
Մայր Տաճարի վերաօծման արարողությանը հաջորդող շաբաթվա բոլոր օրերին՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը, ժամը 19:00-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ հայրենիքի խաղաղության և անսասանության, մեր ժողովրդի անվտանգ ու բարօր կյանքի, ինչպես նաև անհետտ կորած, գերության մեջ գտնվող և զոհված մեր զավակների ու նրանց ընտանիքների համար։
Էջմիածնի Մայր տաճարն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցանկում, ուստի վերանորոգման բոլոր քայլերը համաձայնեցվել են ՅՈւՆԵՍԿՕ–ի պահանջներին։ Նման ծավալի վերանորոգման աշխատանքներ չէին կատարվել 1620–ականից ի վեր, երբ Մովսես Տաթևացի կաթողիկոսի ժամանակ է եղել մեծածավալ վերանորոգում։