Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար նորանոր պայմաններ է առաջ քաշել։
Նա թեև նշել է, որ Ադրբեջանը և Հայաստանը զգալի առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում ուղիղ բանակցությունների միջոցով, միևնույն ժամանակ մի շարք գործոններ է առաջ քաշել, որոնց կատարումը կարագացնի պայմանագրի կնքումը Բաքվի և Երևանի միջև։ Այս անգամ Բայրամովը խոսել է ոչ միայն ՀՀ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին, այլ նաև դժգոհել է ռազմական բյուջեի ավելացումից։
«Կարգավորման գործընթացն ավարտելու համար Հայաստանը պետք է իրավաբանորեն հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ իր տարածքային պահանջներից՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով: Սահմանադրական փոփոխությունների իրականացման հարցում Հայաստանի անհետևողականությունը, ռազմական բյուջեի կտրուկ ավելացումը, ինչպես ավանդական, այնպես էլ նոր մատակարարներից մեծ քանակությամբ հարձակողական զենքի ձեռքբերումը, ինչպես նաև հակամարտությամբ պայմանավորված հին կառույցներն ու նարատիվները պահպանելու փորձերը ձախողում են կարգավորման գործընթացը»,- ասել է նա, գրում է Interfax-ը։
Բայրամովը հավելել է, թե խաղաղության ու բարիդրացիական հարաբերությունների հաստատումը չի կարող կայուն ու անդառնալի լինել, եթե Ադրբեջանի իինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ճանաչումը մնում է իրավական վակուումի մեջ, կախված է ներքին իրավական կամ քաղաքական սցենարներից։
«Մասնակի խաղաղությունը» չի կարող տարբերակ լինել։ Այս կրիտիկական պահին Ադրբեջանը կոչ է անում օպերատիվ քայլեր ձեռնարկել վերացնելու համար մնացածա խոչընդոտները՝ կարգավորման գործընթացն ավարտին հասցնելու համար»,–ասել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Առաջնորդություն հանուն խաղաղության. ՄԱԿ-ի կանոնադրության շուրջ համախմբված, անվտանգ ապագայի որոնումներով» խորագրով քննարկմանը մեկ անգամ ևս կրկնել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը:
Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։