Սեպտեմբերի 30-ին ՀՀ-ն և Իրանն առևտրային հարաբերությունների զարգացմանը նպաստող փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի խթանման կազմակերպության նախագահ Մոհամմադ Ալի Դեհղան Դեհնավին կնքել են մասնավոր հատվածի գործարարության զարգացման ոլորտում ապրանքների և ծառայությունների փոխանակման վերաբերյալ փաստաթուղթը։
Ակնկալվում է, որ հուշագիրը կնպաստի երկու պետությունների մասնավոր հատվածների միջև առևտրային հարաբերությունների զարգացմանը, առևտրային հարաբերություններում նոր մեխանիզմների ներդրմանը և ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը:
Սեպտեմբերի 30-ին նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է իրանական ապրանքների առևտրի կենտրոնի բացմանը: Առևտրի կենտրոնը Իրանի առաջին և ամենամեծ մշտական առևտրի կենտրոնն է արտերկրում։ Նախագիծն իրականացվել է իրանական կողմի ֆինանսավորմամբ։
Մոտ 18 հազար քառակուսի մետր տարածքի վրա ներկայացված են 100-ից ավելի իրանական ընկերություններ: Սպառողները և գործարարներն այստեղ կարող են ուղիղ արտադրողից ձեռք բերել իրանական ապրանքներ: