Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Լիբանանում իրականացվող ռազմական գործողությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան։ Նա հավելել է, որ Լիբանանի հայաբնակ շրջաններն այս պահին անմիջականորեն վտանգված չեն, ուստի ներկայում տարհանում կազմակերպելու կարիք չկա, հայտնում է Արմենպրեսը։
«Բարեկամ Լիբանանում վերջին մտահոգիչ իրադարձությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան։ Բեյրութում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, ինչպես նաև ըստ անհրաժեշտության համայնքային կառույցների հետ՝ ՀՀ քաղաքացիների խնդիրների՝ իր իրավասությունների շրջանակում պատշաճ հասցեագրման նպատակով»,–ասել է նա։
Նա նշել է, որ, ընդհանուր առմամբ, Լիբանանում հավատարմագրված որևէ դեսպանություն մինչ օրս իր քաղաքացիներին չի տարհանել. բոլոր երկրները, որպես կանոն, հորդորում են իրենց քաղաքացիներին լքել երկիրը՝ օգտվելով կոմերցիոն չվերթներից։
«Լիբանանի այն բնակավայրերը, որտեղ հիմնականում բնակվում են հայեր, անմիջականորեն վտանգված չեն, ուստի անվտանգության նկատառումով տարհանում իրականացնելու անհրաժեշտություն ներկայում չի նկատվում։
Լիբանանում ՀՀ դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմի պայմաններում, հյուպատոսական ծառայությունը գործում է ամբողջ ծանրաբեռնվածությամբ՝ սպասարկելու համար ՀՀ քաղաքացիների կարիքները, գործում է ՀՀ ԱԳՆ թեժ գիծը։
Դեսպանություն դիմած ՀՀ այն քաղաքացիներին, որոնց անձնագիրը վավեր չէ, վերադարձի վկայական տրվում է անվճար։Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Լիբանան այցելելություններից, եթե չկա դրա խիստ անհրաժեշտություն»,–ասել է դեսպանը։
Նա նաև պատասխանել է լիբանանա-իսրայելական սահմանին տեղակայված ՄԱԿ-ի խաղաղապահների կազմում ՀՀ զորախմբի մասին հարցին։
«ՄԱԿ-ի խաղաղապահները, այդ թվում՝ մեր զորախումբը, որոնց հետ դեսպանության և ռազմական կցորդի կապը պարբերական է, դուրս են թիրախավորման գոտիներից, և իրենց առաքելությունն իրականացնում են ապահով պայմաններում»,–ասել է Աթաբեկյանը։
Սեպտեմբերի 23-ին Իսրայելը Լիբանանում սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը «Հեզբոլլահ»-ի դեմ: Վերջին օրերին Իսրայելի օդուժը զանգվածային կրակի տակ է պահում «Հեզբոլլահի» օբյեկտները Լիբանանի տարբեր հատվածներում։ Սեպտեմբերի 27–ին Իսրայելի հարվածի արդյունքում Բեյրութում սպանվել է «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլան, որը ղեկավարում էր այդ կառույցը մոտ 30 տարի։
Իսրայելական ավիացիան առաջին անգամ հարված է հասցրել Բեյրութի կենտրոնում գտնվող բնակելի շենքին։ Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատը հայտարարել է, որ հարվածի հետևանքով զոհվել են իր երեք առաջնորդները։
Հայտարարված նպատակն է անվտանգ պայմանների ստեղծումը հրեական պետության հյուսիսային սահմանային շրջաններում, որպեսզի տասնյակ հազարավոր տեղահանված բնակիչները կարողանան վերադառնալ այնտեղ։Ըստ Լիբանանի իշխանությունների՝ իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1000-ը, 6000 մարդ վիրավորվել է, տեղահանվել է շուրջ մեկ միլիոն մարդ՝ երկրի բնակչության մեկ հինգերորդը։