30 սեպտեմբերի 2024 - 18:53 AMT
Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վատթարացման հարցը ներառվել է ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում

Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վատթարացման հարցը ներառվել է ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում, որը կտևի մինչև հոկտեմբերի 4–ը։

Հարցը ներառվել է հետևյալ ձևակերպմամբ՝ հատապ լսումներ «Ադրբեջանում մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության հետ կապված իրավիճակի վատթարացումը» թեմայով», և քննարկվելու է հոկտեմբերի 3–ին, հայտնում է Turan-ը։

Նստաշրջանում հանձնվել է Վացլավ Հավելի անվան մրցանակը, որի հավակնորդներից մեկը Բաքվի բանտում պահվող ադրբեջանցի ակտիվիստ Ակիֆ Գուրբանովն է։

Հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշել էր չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և կարող է վերադառնալ իր կանոնադրական պարտավորությունները կատարելու դեպքում։ Օգոստոսին Ադրբեջանում արգելել են որոշմանը կողմ քվեարկած պատգամավորների մուտքը երկիր։ Որոշմանը կողմ էր քվեարկել 76 պատգամավոր, դեմ՝ 10–ը, «ձեռնպահ»՝ 4–ը։

Կազմակերպությունում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն հայտարարել է, որ ԵԽԽՎ վերադառնալու համար Ադրբեջանն առանց որևէ նախապայմանի պետք է կատարի ԵԽԽՎ բոլոր կանոնները։ Նա այդ մասին ասել է, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, թե ԵԽԽՎ պատգամավորների համար Ադրբեջան մուտքի արգելքը կվերացվի այն ժամանակ, երբ կվերականգնվեն ադրբեջանական պատվիրակության իրավունքները կազմակերպությունում։