2 հոկտեմբերի 2024 - 14:21 AMT
Qatar Airways-ը չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը

Qatar Airways ավիաընկերությունն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան բոլոր չվերթերը։ Այդ մասին ավիաընկերութունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել հոկտեմբերի 1–ի երեկոյան այն բանից հետո, երբ Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավելի է սրվել՝ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։

Տեղեկությունը հաստատել են նաև ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում, հայտնում է Sputnik Արմենիան։

«Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքէջում «ժամանումներ» բաժնում Qatar Airways-ի Դոհա-Երևան չվերթի կարգավիճակը չեղարկված չէ։ Ըստ կայքի՝ չվերթը Երևան կժամանի կեսգիշերն անց՝ 00։50։ Ենթադրվում է՝ իրավիճակի կարգավորման դեպքում չվերթը կարող է և իրականացվել։

Կոմիտեից հայտնել են, որ հակամարտության սրման ֆոնին ավիաչվերթերի զանգվածային չեղարկումներ և դրանց մասին հայտարարություններ չկան։

«Առավոտյան նորմալ իրականացվել է Flyone-ի դեպի Թել Ավիվ թռիչքը, Armenian Airways–ի դեպի Թեհրան նախատեսված թռիչքը ևս իրականացվելու է»,- հայտնել են քաղավիացիայից։

Հոկտեմբերի լույս 2–ի գիշերը Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել։ Իրանի ղեկավարությունն այդ հարձակումը վրեժ է համարում «Համասի» և Լիբանանում տեղակայված «Հեզբոլլահի» առաջնորդների սպանության համար: Իսրայելական կողմը հայտարարել է, որ Իրանից ընդհանուր առմամբ մոտ 200 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի բնակչությունը պատսպարվում էր հրթիռակոծությունից ապաստարաններում։