Գրիգոր Մինասյանն ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիրը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Գրիգոր Մինասյանին ազատել արդարադատության նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Սիրվարդ Գևորգյանին արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու որոշումը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սիրվարդ Գևորգյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասվում է վարչապետի որոշման մեջ:
ՔՊ–ական պատգամավորների շրջանում ստորագրահավաք էր սկսվել Մինասյանին պաշտոնանկ անելու համար վարչապետին դիմում ներկայացնելու օգտին։ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականի վերաբերյալ Մինասյանի գրառմանը, ասել է, թե վերջինս շատ վտանգավոր բան է ասել՝ պետք է գա ու բացատրություն տա։
Մինասյանը փոխնախարար էր նշանակել Սիրվարդ Գևորգյանին, որը եղել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դստեր համակուրսեցին։ Սոցցանցերում վերջերս լուսանկար էր շրջանառվում, որտեղ նրա ձեռքում Քոչարյանի գիրքն է։ Բարձարցած աղմուկից հետո Գևորգյանը հրաժարական է տվել։ Արձագանքելով դրան՝ Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ առանձին անհատների չափազանց անարդար ու մանրախնդիր հարձակումների պատճառով նախարարությունը և պետական համակարգը կորցրեց իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի, իսկ «պառլամենտարիզմի լավագույն դրսևորումը կլինի նման խարդավանքների համար քաղաքական հասցեական պատասխանատվությունը»: