Տևական դադարից հետո կինոյի երկրպագուների առաջ իր դռներն է բացել վերազինված և վերաբրենդավորված «Մոսկվա» կինոթատրոնը։ Այն այժմ կրելու է «Կինոմոսկվա» անունը։
Կինոթատրոնի վերաբացման հանդիսավոր արարողությունը կայացել է հոկտեմբերի 2-ին՝ տարվա ամենասպասված «Ջոկեր. Խելագարություն երկուսի համար» ֆիլմի տարածաշրջանային առաջին ցուցադրությամբ, հայտնում է Արմենպրեսը։
Կինոթատրոնի գլխավոր տնօրեն Հովհաննես Ադոյանը, ողջունելով հյուրերին, շեշտել է, որ «Կինոմոսկվան» Երևանի խորհրդանիշներից է, քաղաքային կոլորիտի անբաժան մասը:
Կինոթատրոնի տնօրինությունը նախաձեռնել և իրականացրել է ներքին հարդարման աշխատանքները։ Հիմնանորոգվել են բոլոր սրահները, համալրվել գերժամանակակից տեսալսողական սարքերով ու կահավորանքով։ Թարմացվել է օդափոխության և ջեռուցման համակարգը, հիմնովին բարեկարգվել են սանհանգույցները։ Հաշվի առնելով «Մոսկվա» կինոթատրոնի շենքի պատմամշակութային արժեքը՝արտաքին հարդարման և մաքրման աշխատանքների ժամանակ խստիվ պահպանվել է հուշարձանի ինքնատիպությունը։
Տեխնիկական վերազինմամբ նորացվել են կինոթատրոնի և՛ ձայնային տեխնիկան, և՛ էկրանները: Տեղադրվել են կինոէկրանների արտադրության ոլորտում առաջատար Harkness Screens բրիտանական ընկերության առանձանահատուկ էկրաններ։ Լազերային պրոյեկցիայի պայմաններում դրանք ապահովում են գույնի պայծառություն և լույսի հավասարաչափ բաշխում, ինչը թույլ է տալիս դահլիճի ցանկացած անկյունից տեսնել բարձր որակի պատկեր: Կինոդահլիճներն անցնում են 4K լազերային պրոյեկցիայի․ Barco SP4K-35 4-րդ սերունդ. սա նշանակում է, որ պատկերի հստակությունն այսուհետ կապված չէ լամպերից:
«Կինոմոսկվայի» դահլիճներում տեղադրվել են DOLBY CP950 նորագույն ձայնային պրոցեսորներ, որոնք թույլ են տալիս իրականացնել ձայնային կարգավորումներ նաև ATMOS տեխնոլոգիաներին համապատասխան: LUIS Wassman ձայնային համակարգը հնարավորություն է տալիս հավասարաչափ տարածել ձայնը դեպի դահլիճի նստելատեղեր՝ զգալիորեն բարձրացնելով ընկալման որակը և մեծացնելով տպավորությունը: