5 հոկտեմբերի 2024 - 10:46 AMT
ԱԳՆ․ Ինչու՞ է Բաքուն նման շեշտադրումներն անում՝ մի՞ թե ագրեսիա է պատրաստում

ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Ջաբրայիլում ունեցած ելույթը, վերջին շրջանում Ադրբեջանից առավել հաճախ հնչող այս կամ այն մակարդակի սպառնալից և ագրեսիվ հայտարարությունները, հարց է բարձրացրել՝ ինչու՞ է Բաքուն նման շեշտադրումներն անում՝ մի՞ թե ագրեսիա է նախապատրաստում, արդյոք Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է Խաղաղության օրակարգից։

Անդրադառնալով Հայաստանի կողմից սպառազինության, տեխնիկայի ձեռքբերումներին և այդ առիթով հնչած սպառնալիքներին, նա նշել է, որ պաշտոնական Երևանն արդեն բազմիցս և ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ որևէ հարևանի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի, ճանաչում է նրանց բոլորի տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունի։

«Պետք է ընդգծել ՀՀ Սահմանադրական դատարանի վերջին որոշումը, որով Բարձր դատարանը ստուգեց և հաստատեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը և հերքեց բոլոր այն պնդումները, թե ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում իր որևէ հարևանի նկատմամբ։ Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է նաև, որ չնայած իր որոշակի տարածքներ օկուպացված են, այդ տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունի, որովհետև Սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության վերը հիշատակված կանոնակարգը տալիս է այդ խնդիրները խաղաղ, բանակցային ճանապարհով հասցեագրելու և լուծելու բոլոր հնարավորությունները։

Ինչ վերաբերում է սպառազինություններին, ՄԱԿ-ի կանոնադրությունը յուրաքանչյուր պետության ինքնապաշտպանության իրավունք է վերապահում։ Ավելին, միջազգային իրավունքը յուրաքանչյուր պետության իր քաղաքացիներին պաշտպանելու պարտավորությամբ է օժտում։ Հայաստանը սպառազինություն և տեխնիկա ձեռք է բերում միայն ինքնապաշտպանության իրավունքը և սեփական քաղաքացիների պաշտպանության պարտավորությունն իրացնելու նպատակով։ Սրան զուգահեռ՝ Ադրբեջանի հարձակողական զինատեսակներով սպառազինման ծավալներն անգամներով ավելին են, ինչի մասին հաճախ հայտարարում է Ադրբեջանի նախագահը։

Հիմա այս ամենի հաշվառումով հարց է ծագում. ինչու՞ է Ադրբեջանը Ձեր հարցի մեջ հիշատակված շեշտադրումներն անում։ Մի՞թե ագրեսիա է նախապատրաստում Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Կարծում եմ՝ այս հարցի պատասխանը ստանալը կարևոր է, որովհետև դա կօգնի նաև գնահատել հնչող այն տեսակետները, թե Ադրբեջանը պատրաստվում է առաջիկայում Բաքվում կայանալիք COP-29 համաժողովն օգտագործել որպես ծխածածկույթ Հայաստանի Հանրապետության դեմ նոր ռազմական ագրեսիա ծավալելու, և դրա քաղաքական պատասխանատվությունը COP-29-ին մասնակցելու համար Բաքու մեկնած օտարերկրյա առաջնորդների միջև բաշխելու համար»,–ասվում է մեկնաբանության մեջ։

Բադալյանը նաև նշել է, որ պաշտոնական Բաքվի վերջին շրջանի հայտարարություններն առնվազն մի շարք կարևոր հարցեր ևս առաջացնում են և դրանցից ևս երկուսը նա հնչեցրել է։

«ա) Արդյոք Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչելու պայմանավորվածություններից: Կրկին ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հավատարմությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, այսինքն՝ Խորհրդային Հանրապետությունների վարչական սահմաններով միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչելու՝ Ադրբեջանի հետ ձեռքբերված պայմանավորվածությանը:

բ) Արդյոք Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է Խաղաղության օրակարգից: Ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հավատարմությունը Խաղաղության օրակարգին, և պատրաստակամությունը ստորագրել Ադրբեջանի հետ արդեն իսկ համաձայնեցված խաղաղության բովանդակությունը որպես խաղաղության պայմանագիր, ինչի մասին ՀՀ վարչապետը հայտնել է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում իր ունեցած ելույթում:

Կարծում ենք՝ ագրեսիվ հռետորաբանության փոխարեն պետք է կենտրոնանանք Խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցը շուտափույթ լուծելու և մյուս հարցերի շուրջ ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե խաղաղության պայմաններում բանակցելու վրա»,–ասվում է մեկնաբանության մեջ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ջրականում ադրբեջանցի վերաբնակների հետ հանդիպմանը կրկին սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին և հորդորել «վերջ տալ վտանգավոր խաղերին»։ Նա նաև ասել է, որ Հայաստանը չպետք է մոռանա «Ղարաբաղյան երկրորդ պատերազմի և Ղարաբաղում հակաահաբեկչական գործողության» մասին

Ալիևը ՀՀ-ին հասցեագրված իր բազում պահանջների մեջ ևս մեկն է ավելացրել՝ հայտարարելով, թե Հայաստանը պետք է ներողություն խնդրի «իր հանցագործությունների համար»: Նա հայտարարել է նաև, թե Հայաստանը հրաժարվում է տեղեկատվություն տրամադրել Առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ անհետ կորածների և «նրանց զանգվածային թաղումների հստակ տեղանքների մասին»։ Սեպտեմբերի 30-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վստահություն էր հայտնել, որ ադրբեջանցիները կվերադառնան «Արևմտյան Ադրբեջան»՝ նկատի ունենալով ՀՀ տարածքը։