Նյու Յորքում տեղակայված Լրագրողների պաշտպանության կոմիտեն դատապարտել է Ադրբեջանում 11 լրագրողի նախնական ազատազրկման ժամկետի երկարաձգումը և կոչ արել երկրի իշխանություններին ազատ արձակել նրանց նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 կլիմայական համաժողովից առաջ:
Հայտարարության մեջ ասվում է, որ կոմիտեն միացել է ավելի քան երկու տասնյակ կազմակերպություններին, որոնք կոչ են անում ազատ արձակել Ադրբեջանում բանտարկված լրագրողներին COP29-ից առաջ, հայտնում է Factor.am-ը։
«Ադրբեջանի վերջին քննադատական լրատվամիջոցներից 11 լրագրողի շարունակական կալանավորումը ցույց է տալիս, որ երկրի ամենահամարձակ լրագրողները չեն կարողանա խոսել COP29-ի ընթացքում կոռուպցիայի և մարդու իրավունքների խախտումների մասին։ Ադրբեջանի միջազգային գործընկերները պետք է կենտրոնանան համաժողովի վրա՝ ուժեղացնելու բոլոր մեղադրանքները հանելու և բանտարկված լրագրողներին ազատ արձակելու կոչերը»,- ասել է կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Գյուլնոզա Սաիդը։
Կոմիտեն մեջբերել է Abzas Media-ի գործով ձերբակալվածների անունները՝ Ուլվի Հասանլի, Սևինջ Վագիֆքըզի, Էլնարա Գասիմովա, Նարգիզ Աբսալամովա, Մուհամմեդ Կեկալով և Հաֆիզ Բաբալի, Toplum TV-ի գործով՝ Ալեսկեր Մամեդլի և Մուշֆիգ Ջաբբար, Kanal-13 գործով՝ Ազիզ Օրուջով և Շամո Էմինով, ինչպես նաև Meclis.info կայքի ղեկավար Իմրան Ալիև։
COP 29-ի նախաշեմին ԵԽ պատգամավորները կոչ են արել կասեցնել ԵՄ և Բաքվի միջև գազային գործարքը, դատապարտել այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում: Այն նաև կոչ է պարունակում Եվրախորհրդարանին՝ լիագումար նիստում ընդունել բանաձև՝ խստորեն դատապարտելով այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում։
Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։