Բուենոս Այրեսի վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնում Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմն արժանացել է «Լավագույն լայնամետրաժ ֆիլմ» մրցանակին «Օրբիտա, միջազգային ֆիլմ» անվանակարգում, որը փառատոնի գլխավոր մրցանակն է: Այդ մասին հայտնում է Արգենտինայում ՀՀ դեսպանությունը։
Մրցանակը, ֆիլմի հեղինակի անունից, ստացել է դեսպան Հովհաննես Վիրաբյանը:
Ֆիլմը պատմում է 44-օրյա պատերազմի յոթերորդ օրն անհետ կորած Սողոմոնի՝ Շողակաթի եղբոր, որոնման մասին։ «1489» ռազմական գործողության մեջ անհետ կորած անհատի մարմնի թիվն է՝ այն համարն էր, որը տրվել էր Սողոմոն Վարդանյանին։
Շողակաթ Վարդանյանն Ամստերդամում currenttime.tv-ին տված հարցազրույցում ասել էր, որ ֆիլմը նկարահանել է բոլոր զոհված տղաների համար։
«Ֆիլմի վրա աշխատանքները գրեթե ավարտված էին, երբ 2023 թվականի սեպտեմբերին Արցախում սկսվեցին էթնիկ զտումները։ Տիտրերում գրել եմ կատարվածի մասին։ Իմ ֆիլմը պատմում է մարդկային կյանքի մասին, որը տեղի է ունենում մեծ պատմության սարսափելի ժամանակաշրջանում»,- ասել է նա։
Ավելի վաղ Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը Ամստերդամի միջազգային փաստավավերագրական ֆիլմերի փառատոնում (IDFA) միանգամից արժանացել էր երկու՝ «Լավագույն ֆիլմ» և FIPRESCI մրցանակների, Տրիեստի 35-րդ կինոփառատոնում ճանաչվել է »Լավագույն վավերագրական ֆիլմ»։